Thursday, January 20, 2011

Երկրում իրավիճակն այնքան վատ է, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել. Ժիրայր Սեֆիլյան

Tert.am. 20-1-2011- «Դժբախտաբար գլխավոր խնդիրը մեր երկրում միշտ եղել է ընդդիմադիր դաշտում: Ընդդիմությունը ոչ նախկինում, ոչ այսօր չի կարողացել ճիշտ գնահական տալ երկրում տիրող իրավիճակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակին տրվող գնահատականը պետք է լինի հակիրճ. «Մենք ունենք օկուպացիոն ռեժիմ, որի մեջ մտնում է ամեն ինչ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երբ որ նման ճիշտ գնահատականը տրվի, կընտրվի նաև ճիշտ մարտավարությունը:
Ժիրայր Սեֆիլյանը շեշտեց, որ իրենց նախաձեռնությունը համոզված է, որ երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար հարկավոր են ոչ թե հերթական կամ արտահերթ ընտրություններ, այլ հարկավոր են համակարգային փոփոխություններ:
Ընդդիմադիր դաշտի մասին խոսելով՝ նախկին հրամանատարն անդրադարձավ նաև, իր ձևակերպմամբ, «Տիգրան Կարապետյանի ֆենոմենին, Տիգրան Կարապետյան երևույթին»՝ շեշտելով, որ նրա գործողությունների մեջ կան և դրական, և բացասական երևույթներ: Չցանկանալով կենտրոնանալ բացասական երևույթների վրա՝ Ժիրայր Սեֆիլյանն անդրադարձավ դրական երևույթներին՝ մասնավորապես նշելով, թե ԺԿ նախագահի հանրահավաքին հազարավոր մարդկանց մասնակցությունը նշանակում է, որ որևէ ընդդիմադիր գործիչ չպետք է մեծամտանա և մտածի, որ ժողովուրդը միայն իրենն է:
Ժիրայր Սեֆիլյանի խոսքով՝ ԺԿ հանրահավաքին հազարավոր մարդկանց մասնակցությունը նաև նշանակում է, որ մեր երկրում մուգ գույներն այնքան են մգացել ու խտացել, այնքան վատ է ժողովրդի վիճակը, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբելու: «Ժողովուրդը ապստամբելու պատրաստ է եղել և նախկինում, և այսօր, պարզապես ընդդիմության առաջնորդները պահանջվող որակի չեն եղել, որ նավը հասցնեն խաղաղ ափ»,- հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը:
«Սարդարապատ» նախաձեռնության ներկայացուցիչն անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե Տիգրան Կարապետյանը ական է ընդդիմության համար: Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ եթե ինքը լիներ Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն, որը հավակնում է լինել ամբողջ ընդդիմության ղեկավարը, կհայտարարեր Տիգրան Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու մասին: Սրանով, ըստ Սեֆիլյանի, անմիջապես կպարզվեր Տիգրան Կարապետյանի ական լինելու հանգամանքը: Մյուս կողմից, ըստ նրա, եթե պարզվեր, որ Տիգրան Կարապետյանն ական չէ ընդդիմության համար, ապա պետք էր նրա հետ համագործակցության եզրեր գտնել ու ժողովրդին առաջ տանել:
Հարցին, թե ինչու «Սարդարապատը» չմիացավ ԺԿ նախագահի հանրահավաքին, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց, որ իրենց շարժումը չի ցանկանում մասնակցել արկածախնդրության, իսկ լուրջ մասնակցության համար իրենք դեռևս պատրաստ չեն: Իսկ երբ պատրաստ լինեն, Սեֆիլյանի վստահեցմամբ, իրենք դուրս կգան փողոց ու այնտեղից չեն գնա, մինչև չհասնեն համակարգային փոփոխության:

No comments: