Sunday, January 23, 2011

Պաշտոնական թվերը արտագաղթի մասին չեն խոսում

Diplomat.am. 22-1-2011- Թողնե՞լ Հայաստանն ու այլ երկրներում փորձել կայանալու ու լավ ապրելու բախտը, թե՞ շարունակել ապրել սեփական երկրում` փորձելով հաղթահարել խնդիրներն ու թեկուզ տարբեր դժվարություններով, սակայն ապրել հայրենիքում:
Կարծիքներն այս հարցերի շուրջ խիստ հակասական են ու իրարամերժ: Ի՞նչ են կարծում այս մասին մեր քաղաքական գործիչները, հոգեբաններն ու քաղաքացիները ու ի՞նչ են փաստում պաշտոնական թվերը։
Թվում է` ծանր տարիները հետեւում են մեր երկրի համար, սակայն մեր երկրից միգրացիայի հարցը շարունակում է մտահոգել:
«Տարեկան մոտավորապես 25- 30 հազար մարդ է լքում Հայաստանը»,- ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նա մտահոգվում է` եթե այսպես շարունակվի, դեմոգրաֆիական աղետալի վիճակում կհայտնվենք:

Ովքե՞ր են ավելի շատ հակված լքել մեր երկիրը: Հոգեբանի դիտարկմամբ՝ «ամենաաղքատները չէ, որ թողնում են երկիրը: Ընդհակառակը՝ այն մարդիկ, ովքեր բարեկեցության ինչ- որ մակարդակի հասել են այստեղ, ովքեր բարեկեցության համը զգացել են եւ տեսնում են, որ այստեղ իրենք դրանից ավելի բարձրանալ չեն կարող»:

Այդուհանդերձ՝ հոգեբանը կարծում է, որ հայերն ամենեւին էլ ներքուստ հակված չեն թողնելու երկիրը: Նա համոզված է` հայերը կարող են համակերպվել նույնիսկ սոցիալական վատ պայմաններին, միայն թե մեր երկրում նրանք հոգեպես իրենց լավ զգան ու արդարության զգացողություն ունենան:

Իսկ մեր երկրում առկա արատավոր երեւույթներից հիասթափված՝ նրանք, ի վերջո, հարմարվում ու իրենց կյանքը շարունակում են այլ երկրում: Ուրեմն՝ այս մասին լրջորեն մտածել է պետք, կոչ է անում հոգեբան Կարինե Նալչաջյանն` ընդգծելով` բաժանումը լուրջ հոգեկան խնդիրների առաջ է կանգնեցնում:

«Գնացողները, արտագաղթողները մարդիկ են, ում ազգային ինքնագիտակցությունը, ցավոք, արդեն փոխվում է»:

Մարդիկ հաճախ հայրենիքը բարոյալքությունից են լքում. քաղաքական գործիչ Արման Մելիքյանի դիտարկումն է:

«Միայն սոցիալական եւ տնտեսական պայմանները չեն, որ ստիպում են մարդուն հեռանալ երկրից: Դա, անշուշտ, մեծապես անբարոյական ճնշումն է ու արդարության պակասը, որը թույլ չի տալիս մարդուն արժանապատիվ ապրել սեփական հայրենիքում»:

Հանրապետական Համլետ Հարությունյանն էլ իր համոզմունքն ունի: «Միշտ ուժն է ծնում իրավունք: Իսկապե՞ս դուք չեք հասկանում` սոցիալական, գաղափարական դժգոհությունը փոխել հայրենիքի հետ ինչպե՞ս կարելի է, ես դա չեմ հասկանում: Եթե մեր գաղափարախոսությունից դուրս գա «լավ ապրելը»` ինչ գնով էլ որ լինի, եւ դրան փոխարինի` «ինչ գնով էլ լինի, պահենք մեր հայրենիքը», այդ դեպքում էլ հենց մենք կունենանք հաջողություն:

21- րդ դարում ժամանակակից մարդու ինքնազարգացման ու կարողությունների փորձարկման համար միգրացիոն ակտիվությունն անհրաժեշտ բան է: Մենք որպես ազգ, կարղ ենք դրանից շահել` մեր փորձը հարստացնելով ու ծառայեցնելով մեր ազգին: Մեր երկրի վարչապետի դիտարկումն է:

Ինչ վերաբերում է աշխատանքային, միգրացիային, ինչին հաճախ են մեր քաղաքացիները դիմում, ապա, Տիգրան Սարգսյանի խոսքով «այս երեւույթը տարեցտարի կարող է նվազել միայն մի պայմանով, եթե Հայաստանի սոցիալ- տնտեսական զարգացվածության աստիճանը լինի բարձր: Մեզանից պահանջվում են ջանքեր այդ ուղղությամբ, եւ եթե առաջիկա 10 տարիներին մեր տնտեսական բարեփոխումներն ունենան հաջողություն, բնականաբար, այդպիսի միգրացիոն հոսքերը կնվազեն»:

Եւ վերջապես` պաշտոնական թվերի մասին: Թեպետ անցյալ տարվա վիճակագրությունն ամբողջապես դեռ ամփոփված չէ, սակայն Հայաստանի միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն ընդգծում է`«2010-ի առաջին 11 ամիսների տվյալներն այդպիսի երեւույթների մասին չեն խոսում բացարձակապես, թե անցած տարի զանգվածային արտագաղթ է նկատվել: Այդպիսի բանի մասին մեր թվերը չեն խոսում»:

Գագիկ Եգանյանը հիշեցնում է` ուղեւորահոսքերի ցուցանիշերը չի կարելի ու չպետք է շփոթել արտագաղթի ու ներգաղթի հետ: Հայաստանից ամեն մեկնող արտագաղթող չէ, ու ամեն ժամանող ներգաղթող չէ: Պարզապես՝ անցյալ տարի ավելի շատ ուղեւոր է մեկնել, քան ժամանել, ընդ որում` անցյալ տարվանից առանձնապես ոչ ավելի, ասում է Գագիկ Եգանյանը եւ նկատում` ուղեւորահոսքերը` եկողների ու գնացողների թիվն ավելացել է 21 տոկոսով: Թվերը խեղաթյուրվում են, ու մարդկանց մոտ կարող են աժեոտաժ ստեղծել, թե բոլորը գնացին, իրենք մնացին: Դա, իրականում այդպես չէ, վստահեցնում է Գագիկ Եգանյանը:

No comments: