Sunday, January 23, 2011

Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են վիրահայության խնդիրները

News.am. 22-1-2011- Հայ-վրացական բոլոր առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով: Այս եզրահանգման են եկել Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն, ովքեր այսօր՝ հունվարի 22-ին հանդիպել են Երեւանում:
Գրիգոլ Վաշաձեն Երեւան է ժամանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են հայ-վրացական բազմաբովանդակ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանը, առեւտրա-տնտեսական փոխգործակցության հարցերին, համատեղ ծրագրերի իրականացմանը:
Հանդիպմանը քննարկվել են միջազգային կազմակերպություններում հայ-վրացական համագործակցությանն առնչվող հարցեր:
Ինչպես միշտ, հայ-վրացական բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները:

No comments: