Friday, January 14, 2011

ԹՈՒՐՔԻԱ-ԻՍՐԱՅԵԼ ՃԳՆԱԺԱՄԸ ՉԻ ՀԱՂԹԱՀԱՐՎՈՒՄ

Ոչ էլ կհաղթահարվի, քանի դեռ հնչում են «ամբարտավանության» փոխադարձ մեղադրանքները
«ԱԶԳ», 14-01-2011 - Անցյալ տարվա վերջերին թվում էր, թե իսրայելական եւ թուրքական կողմերը համատեղ ջանքերով հաղթահարում են «Մավի Մարմարա» նավի միջադեպով պայմանավորված Թուրքիա-Իսրայել ճգնաժամը: Մանավանդ որ երկու երկրների արտգործնախարարության պատասխանատու աշխատողներ հանդիպումներ էին ունեցել Ցյուրիխում: Սակայն նավի տախտակամածում կացիններով, դանակներով, երկաթե ձողերով կազմպատրաստ, իսրայելական հատուկ ջոկատի հարձակմանն սպասող 9 թուրք ուղեւորի սպանության համար Իսրայելից պաշտոնական ներողություն խնդրելու պահանջում Անկարայի համառությունը գերազանցեց բոլոր ենթադրությունները:
Իսրայելը համաձայնեց պաշտոնական ներողության փոխարեն ափսոսանք հայտնել միջադեպի առնչությամբ, իսկ փոխհատուցումը վճարել ոչ թե պաշտոնապես Թուրքիային, այլ զոհվածների հարազատներին: Այսպիսով, թուրք-իսրայելական ճգնաժամը վերադարձավ ելման կետ: Մինչդեռ Թուրքիան դեռեւս հունիսից այդ ներողությանն էր սպասում:
Այս ամենից հետո սպասել, որ Իսրայելը ներողություն կխնդրի Թուրքիայից, իրատեսական չէ: Ոչ էլ զոհվածներն են Թուրքիայի խնդիրը, Գազայի հումանիտար աղետըՙ առավել եւս: Պարզապես Թուրքիան տարածաշրջանում տառապում է քաղաքական զարգացումներին միջամտելու հավակնություններով: Դա ենթադրում է առանցքային դերակատարում, որի ստանձնումն ու հատկապես իրականացումը անխուսափելի է դարձնում, որ նա ձայնի իրավունք ունենա անմիջականորեն ԱՄՆ-ի վերահսկողությամբ գործող որոշումների կայացման տարածաշրջանային մեխանիզմում:
Այլ կերպ, իրատեսական չէ նաեւ Թուրքիայի ընդգրկումը այդ մեխանիզմում: Սա նշանակում է, որ Թուրքիա-Իսրայել ճգնաժամը դեռեւս կծավալվի, դրա ծավալմանը զուգընթաց կհնչեն փոխադարձ մեղադրանքներ: Համենայն դեպս Քաթար կատարած այցելության ընթացքում, ինչպես երեկ նշել է «Դունիա Բուլթենի» կայքէջը, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հարցերին պատասխանելիս վերստին հարձակման թիրախ է դարձրել Իսրայելին:
Վարչապետ Էրդողանն ասել է, որ Թուրքիան չի կարող վերանայել որդեգրած դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ, քանի դեռ անփոփոխ է մնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի կառավարության քաղաքականությունը: Այնուհետեւ նա, ոտնահարելով դիվանագիտական քաղաքավարության տեսանելի եւ անտեսանելի բոլոր կանոնները, ավելացրել է. «Իսրայելի ներկա վարչակարգը, իմ խորին համոզմամբ, այդ երկրի պատմության մեջ ամենաանփառունակ վարչակարգն է: Քանի դեռ Թել Ավիվը չի հրաժարվել որդեգրած դիրքորոշումից, Թուրքիան Իսրայելի հետ բանակցությունների սեղանին չի նստի, ոչ էլ կնորոգի մինչ այդ ստորագրված պայմանագրերը: Դրանից իհարկե կտուժի Իսրայելը եւ կմեկուսանա տարածաշրջանում»:
Այնուհետեւ վարչապետ Էրդողանը հիշեցրել է Իսրայելին Թուրքիայի ներկայացրած պահանջների մասին, ավելացնելով. «Եթե մեր պահանջներն արժանանան դրական արձագանքի, ապա մենք կվերագնահատենք իրավիճակը»: Երբ «Ալ Ջազիրայի» թղթակիցը ի գիտություն Էրդողանի ասել է, որ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը որպես ամբարտավանություն է գնահատել Թուրքիայի պահանջները, վարչապետ Էրդողանը զայրացած բացականչել է. «Ամբարտավանն հենց ինքն էՙ ամբարտավանության գլուխգործոց: Նա փորձանք է Իսրայելի եւ իսրայելցիների գլխին: Իսրայելցիները պետք է ձերբազատվեն նրանից»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: