Saturday, January 15, 2011

Հայ ֆուտբոլիստին դեմ ադրբեջանցի մարզիչը ղազախների քննադատությանն է արժանացել

Tert.am. 14-1-2011- Ղազախստանի «Ատիրաու» ֆուտբոլային ակումբում սկանդալ է սպասվում՝ կապված թիմի ադրբեջանցի գլխավոր մարզիչ Ռամազ Մամեդովի հայտարարության հետ։
«Ատիրաուի» երկրպագուները (լուսանկարում) արձագանքել են Մամեդովի՝ ադերբաջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցին, որտեղ նա հայտարարել է, որ իր թիմում չի լինելու հայ խաղացող Տիգրան Ղարաբաղցյանը։ «Որքան ես տեղյակ եմ, Տիգրան Ղարաբաղցյանը արդեն չի համարվում «Ատիրաուի» խաղացող։ Բայց եթե դա այդպես չէ, ապա ինձ ակումբի ղեկավարության հետ լուրջ խոսակցություն է սպասվում։ Եթե ես աշխատում եմ «Ատիրաուում», այստեղ հայ մնալ չի կարող»,- ասել է նա։
Ադերբեջանցի մարզչի այսպիսի հայտարարությանն անմիջապես արձագանքել են ակումբի երկրպագուները. «Մենք՝ «Ատիրաու» ֆուտբոլային ակումբի երկրպագուներս, տեղեկացնում են Մամեդովին, որ Ղազախստանը՝ բազմազգ պետություն է, որտեղ բնակվում են 100-ից ավելի ազգերի ներկայացուցիչներ, որոնք ապրում են միասին խաղաղ երկնքի տակ, ընկերությամբ ու համերաշխությամբ։ Եթե Դուք խաղացողին դիտարկում ենք ազգային պատկանելության տեսանկյունից, այլ ոչ թե նրա խաղային որակներով, ապա դա արդեն ցույց է տալիս ձեր մարդկային որակները։ Ղարաբաղցյանի մասին հրապարակավ խոսելն անհարգալից է», - երկրպագուների խոսքը մեջբերել է gzt.ru կայքը։
«Մեզ չի հետաքրքրում Ձեր Ղարաբաղյան հակամարտությունը, հետևաբար թողեք այդ ամենն Ադրբեջանում։ Դուք այժմ Ղազախստանում եք։ Այստեղ տեղ չկա ազգայնամոլությանը։ Մեզ մոտ այդպիսի բաներ ընդունված չեն։ Դեռ նոր եք նշանակվել, որպես գլխավոր մարզիչ արդեն սկսել եք աջ ու ձախ հարցազրույցներ տալ։ Դուք արդեն կորցրել եք երկրպագուների հարգանքը Ձեր ազգայնամոլական հայացքներով»,- նշվում է «Ատիրաուի» երկրպագուների հայտարարությանում։
Ինչպես նշում է armsport.am-ը, Տիգրան Ղարաբաղցյանը վաղուց վերադարձել է «Կիլիկիա», որտեղից Ղազախստան էր մեկնել 2010թ. ամռանը։

No comments: