Saturday, January 22, 2011

Մարտմեկյան դեպքերը չբացահայտելը հավասար է անպատժելիության. Թոմաս Համմարբերգ

Tert.am. 21-1-2011- ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը մտահոգված է մարտմեկյան դեպքերի առիթով բանտարկված մարդկանց խնդրով և Հայաստանի իշխանություններին միջնորդել է ազատ արձակել նրանց: ԵԽ պաշտոնյան նշեց, որ ինքը Հայաստանից վերադառնալուց հետո իր այցի հետ կապված զեկույց է պատրաստելու, որը նախ կներկայացվի կառավարությանը, ապա կհրապարակվի:
«Այն, ինչ ասվելու է զեկույցում, իմ մտահոգությունն է այն մասին, որ տասը զոհերի մահվան հանգամանքները չեն պարզվել: Այդ գործերի չբացահայտումը լուրջ ձախողում է և վկայում է այն մասին, որ այդ դեպքերի չբացահայտումը հավասար է անպատժելիությանը»,- հայտարարեց Թոմաս Համմարբերգը:
Մյուս մտահոգիչ հարցը, ինչպես նշեց հանձնակատարը, մարտմեկյան դեպքերի առիթով ձերբակալված անձանց առկայությունն է բանտերում:
«Ես այս դեպքերը քննարկել եմ իշխանությունների հետ և միջնորդել ազատ արձակել մարտմեկյան դեպքերի հետևանքով ձերբակալվածներին»,- հայտարարեց Համմարբերգը:
Թոմաս Համմարբերգի խոսքով՝ իր երկու հիմնական մտահոգությունները մարտմեկյան դեպքերի չբացահայտվածությունն ու բանտարկյալների առկայության խնդիրներն են, որոնք պետք է լուծվեն: Բացի այդ, մարդու իրավունքների հանձնակատարին մտահոգել են նաև նշված դեպքերի ժամանակ ոստիկանության գործողությունների ոչ այնքան արհեստավարժ լինելը: Այս հարցի հետ կապված հանձնակատարը հանդիպել և զրուցել է փոխոստիկանապետի և արդարադատության նորանշանակ նախարարի հետ, որոնք նշել են, որ ոստիկանության մասնագիտական որակը բարձրացնելուն ուղղված միջոցառումներ են նախատեսվում:
ԵԽ պաշտոնյան նշեց, որ իր համար մտահոգիչ են նաև բանակում տեղի ունեցած միջադեպերը, որոնք կապված չեն մարտական գործողությունների հետ: Ըստ նրա՝ բանակում առկա խնդիրների լուծման համար հարկավոր է սահմանել հստակ կանոններ, լրջորեն արձագանքնել խախտումներին ու միջադեպերին, վերապատրաստել ամբողջ անձնակազմին: Թոմաս Համմարբերգը առաջարկում է նաև բողոքարկման համակարգ ստեղծել, որին առանց կաշկանդվելու կարող են դիմել բանակային դեպքերի հետ կապված դժգոհություններ ունեցողները: Նրա խոսքով, թե պաշտպանության նախարարը, թե զինդատախազը իր այս առաջարկին դրական են արձագանքել:
«Արտերկրում մտահոգություն կա լրատվամիջոցներում բազմակարծության հետ կապված»,- հաջորդ մտահոգությունը մատնանշեց Թոմաս Համմարբերգը՝ նշելով, որ տվյալ խնդրի հետ կապված ինքը հանդիպել է ՀՌԱՀ նախագահի հետ, հիմնականում զրուցելով «Ա1+» և «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունների մասին:

No comments: