Tuesday, January 4, 2011

Ի.Ալիև. «ԼՂ խնդրի լուծման միակ տարբերակը Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակի տրամադրումն է»

Իր ամանորյա ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:
«Հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը մեզ համար ամենագլխավոր խնդիրն է, ամենամեծ հիմնահարցը»,- ասել է Ալիևը` վստահեցնելով. «Մենք ձգտում ենք հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բանակցությունների ճանապարհով»: «Իր կողմից Ադրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի այդ հարցը լուծվի մոտ ժամանակներս: Որպեսզի վերականգնվի մեր երկրի` միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը», - ասված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրված ուղերձում:
Ալիևը այնուհետև շարունակել է. «Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը պետք է անպայման իրականանա: Ադրբեջանը երբեք չի հաշտվի այս իրավիճակի հետ, երբեք համաձայնություն չի տա բուն մեր հողի վրա` Լեռնային Ղարաբաղում, հայկական երկրորդ պետության ստեղծմանը»,- ասել է Ալիևը և հավելել. «Բոլորս լավ գիտենք, որ ներկայիս հայկական պետությունը ստեղծվել է ադրբեջանական պատմական հողերի վրա: Իրևանի խանությունը, Զանգեզուրի մահալը, այլ տարածաշրջաններ մեր պատմական հողերն են»: Ալիևը նշել է, թե Ղարաբաղյան խնդրի լուծման միակ տարբերակը Ղարաբաղին ինքնավարության կարգավիճակի տրամադրումն է: Իր ուղերձում Ալիևը հայտարարել է. «Մեր դրոշը պետք է ծածանվի և ծածանվելու է այսօր օկուպացման տակ գտնվող հողերի վրա: Մեր ազգային դրոշը պետք է ծածանվի և ծածանվելու է Շուշիի, Խանքենդիի (Ստեփանակերտ) վրա: Մենք բոլորս պետք է մոտեցնենք այդ օրը, մենք բոլորս կհասնենք այդ օրվան: Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»:

No comments: