Thursday, January 13, 2011

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՐԴՈՆԸ

«Լրագիր» 13-1-2011- Երեկ ասուլիս էր տալիս Արշակ Սադոյանը: Դրա մասին իմացա երեկոյան հեռուստաեթերից: Նրա դիմաց հեռուստալրատվականների միկրոֆոնների այնպիսի առատություն էր, կարծես ասուլիս տվողը նոր էր վերադարձել Լուսնից: Կամ էլ հեռուստալրատվականներն են Լուսնից նոր վերադարձել ու չգիտեն, կամ չեն հիշում, թե ով է Արշակ Սադոյանը:
Նրա ասուլիսին անդրադառնալն իհարկե լսարանի հանդեպ արհամարանքի դրսեւորում է, բայց այդ ասուլիսի մի դրվագ թերեւս կարող է լինել անդրադարձի «նրբացուցիչ դեպք հանցանաց»: Սադոյանը հայտարարել է, որ Հանրային Խորհուրդը այսուհետ անցկացնելու է ինտերնետային սոցհարցումներ` դրա համար նույնիսկ հատուկ կայք են ստեղծել, քանի որ չեն վստահում տեղի սոցիոլոգիական կազմակերպություններին:
Լավ, բավական է ծիծաղել, որովհետեւ Հանրային Խորհրդի նախաձեռնությունն իսկապես լուրջ է: Առավել քան լուրջ են այդ նախաձեռնության առաջին արդյունքները, որոնք վերաբերում են տարեմուտի գնումներին: ՀԽ սոցհարցումը պարզել է, որ տարեմուտի առեւտրի ընթացքում քաղաքացիներին իր հարմարավետությամբ գոհացրել է Երեւան Սիթի սուպերմարկետը, որը պատկանում է ներկրող օլիգարխ, առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման մենատեր Լֆիկ Սամոյին, հետո Ֆրեշ սուպերմարկետը, որը պատկանում է քիչ ավելի փոքր ծավալի օլիգարխ, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար, բանանի ներկրման մենատեր Միհրան Պողոսյանին` Քեթրինի Միհրանին, եւ հետո Մոսկվիչկա սուպերմարկետը, որը պատկանում է Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին որդուն: Որն է այս ամենի մեջ հետաքրքիրը:

Սուպերմարկետն իհարկե լավ բան է: Այնտեղից գնումներ կատարելը հաճելի է, եթե իհարկե ունես դրա հնարավորությունն ու հոգեպես պատրաստ ես գիտակցել, որ այնտեղ քեզ կարող են նաեւ խաբել ասենք թե քաշի, թե գնի մեջ: Բայց այն, որ սուպերմարկետների հանդեպ սպառողի վերաբերմունքը դառնում է Հանրային Խորհուրդ կոչվածի զբաղմունքի առարկա, դա արդեն իսկապես հետաքրքիր է: Հանրային Խորհուրդը փաստորեն սկսում է զբաղվել օլիգարխիայի բիզնեսի գովազդով, ինչը որպես երեւույթ եթե մի փոքր հանրայնացնենք, ապա կարող ենք անվանել «գրդոն»: Կամ ավելի ճիշտ դա «գրդոնի» նոր տեսակ է Հանրային Խորհրդի համար, քանի որ Խորհուրդն ինքնին արդեն իսկ «գրդոն» է: Ընդ որում, այդ նոր տեսակի զբաղմունքից որոշակիորեն քաղաքական «գրդոնի» հոտ է գալիս:

Փաստորեն Հանրային Խորհուրդ կոչվածը ներկայացնում է օլիգարխիայի շահը սպասարկելու կոնկրետ հայտ: Երեւի իշխանությունն էլ տեսավ, որ այդ խառնածին մարմինն այլ բանի պետք չէ, որեւէ էֆեկտ չի տալիս իշխանությանը: Հետեւաբար այն կարող է ծառայել որպես փոխանակման միջոց: Ինչն է այդ փոխանակման էությունը:

Վերջին շրջանում իշխանության բարձրաստիճան շուրթերը շատ են սկսել խոսել գալիք խորհրդարանում օլիգարխների, մականունավորների քանակի նվազեցման մտադրության մասին: Ըստ երեւույթին, իշխանությունն օլիգարխիային առաջարկում է խորհրդարանը փոխել Հանրային Խորհրդի հետ: Այդպես թե օլիգարխիան չի մնա անինստիտուտ, թե Հանրային Խորհուրդը չի մնա անտեր, քանի որ վերջին շրջանում կարծես թե ակնհայտ էր, որ իշխանությունն այդ Խորհրդին տիրություն չի անում կամ անում է դժկամությամբ, եւ չկան լուրջ հանձնարարություններ:

Չի բացառվում իհարկե, որ այդ հանձնարարությունների պակասից ելնելով Հանրային Խորհուրդը ինքն է որոշել տեսնել իր գլխի ճարն ու սոցհարցման սուպերմարկետային բովանդակությամբ փորձում է օլիգարխիային բիզնես-գործակցության առաջարկ անել:

Պետք է սպասել, որ առաջիկայում Հանրային Խորհուրդ կոչվածը կներկայացնի քաղաքացիների կարծիքը երթուղային գծերի մասին, հետո քաղաքացիների կարծիքը բենզալցակայանների մասին, հետո գազալցակայանների, հետո գինիների ու կոնյակների, օղիների մասին, մսամթերքի մասին: Հետո կգա դեսերտի հերթը:

ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: