Monday, January 10, 2011

Հ. Սահակյան. Անկարան որևէ մեկի «աչքին թոզ փչելով» ոչինչ չի փոխի

 Panorama.am. 10-1-2011- «Հայ-թուրքական հարաբերությունների հարցում հայկական կողմի մոտեցումներում փոփոխություններ չկան. մեր խնդիրները, պահանջները մնում են նույնը: Մենք բազմիցս հայտարարել ենք ու հայտարարում ենք, որ կողմ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: Մենք ամեն ինչ արեցիք արձանագրությունների ստորագրման և գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, սակայն Թուրքիան ետ կանգնեց իր խոսքերից»,- անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարություններին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նշել է, թե իրենք ցանկություն ունեն կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները, սակայն Երևանը անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում:
«Եթե Թուրքիան հույս ունի, թե մենք պետք է խնդրի կարգավորմանը գնանք ԼՂ հարցում ինչ-ինչ զիջումների գնով, չարաչար սխալվում է, ես պետք է հիասթափեցնեմ նրանց: Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և ԼՂ հիմնախնդրի կարգավորումն առանձին բարդ գործընթացներ են և դրան միմյանց հետ փոխշաղկապելը շատ վտանգավոր է: Այս մասին բազմիցս նշել են նաև գերտերությունների ղեկավարները:
Մեզ հետ չի կարելի նախապայմանների լեզվով խոսել, քանի որ նման խոսակցությունները ապագա չունեն և իրենց մեջ վտանգ են պարունակում: Ի՞նչ քայլեր է սպասում Թուրքիան Հայաստանից: Ի՞նչ պայմանավորվածություններ էր ձեռք բերվել գործընթացն սկսվելուց առաջ և ինչո՞ւ Թուրքիան հետ կանգնեց իր խոսքից: Ավելի լավ կլինի, որ Թուրքիան այս հարցերի պատասխանը գտնի, քանի որ նրա քայլերը ո՛չ Հայաստանին և ո՛չ էլ միջազգային հանրությանը հասկանալի ու ընդունելի չեն»,- ասաց պատգամավորը:
Այնուհետև խորհրդարանականը նշեց. «Երբ նախագահը կասեցրեց ԱԺ-ում հայ-թուրքական արձանագրությունների ընթացակարգը, արդեն իսկ պարզ էր, որ Թուրքիան պատրաստ չէ իր խորհրդարանում դրանց վավերացմանը, սակայն ՀՀ ԱԺ մեծամասնությունը պատրաստ էր դրա վավերացմանը: Թուրքիան չվավերացնելով արձանագրությունները, ինքնին արգելք հանդիսացավ պրոցեսի դրական հանգուցալուծանը»:
Նրա խոսքերով՝ բոլորի համար էլ ակնհայտ է, որ գնդակը Թուրքիայի դաշտում է, և Անկարան որևէ մեկի «աչքին թոզ փչելով» ոչինչ չի փոխի:

Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե Թուրքիան բազմիցս հայտնել է, որ ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված տեսնել՝ Հ. Սահակյանը նշեց. «Ցանկությունը քիչ է, պետք է կոնկրետ աշխատանքներ տարվեն, «հալվա ասելիս բերանը չի քաղցրանում»: Կար հստակ դրված խնդիր, քայլերի հաջորդականություն, սակայն Թուրքիան հրաժարվեց դրանք իրականացնելուց»:

No comments: