Saturday, January 29, 2011

Թուրքիայում դատապարտում են Դինքի սպանության մասին գիրք գրած լրագրողի ահաբեկումը

Panorama.am. 29-1-2011- Թուրքիայի «Մեդիա միությունը» խստորեն դատապարտել է Հրանտ Դինքի սպանության մասին գրած գրքի համար թուրք լրագրող Ադեմ Յավուզ Արսլանին ահաբեկելու և սպառնալու գործողությունը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» պարբերականը:
Հիշեցնենք, որ «Մի հայ կա. Հրանտ Դինքի սպանության գաղտնազերծումը» վերնագրով գրքի հեղինակ Ադեմ Յավուզ Արսլանը օրերս ստացել էր տարօրինակ պարունակությամբ ծանրոց, որում եղել էին Կալաշնիկով տիպի ինքնաձիգի երեք փամփուշտ և մեկ սպիտակ սպորտային գլխարկ: Ի դեպ` 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը երեք փամփուշտ էր արձակել ու գլխին այդ պահին եղել էր սպիտակ մարզական գլխարկ:
Միությունը հայտարարել է, որ այդ սպառնալիքն ուղղված է ոչ միայն Արսլանի, այլ նաև մամուլի ազատության դեմ:
«Թուրքիայի Հանրապետության սահմանադրության 28-րդ հոդվածի երաշխավորության տակ առնված մամուլի և իրազեկվելու ազատությանը խոչընդոտող այդ արարքն անընդունելի է: Հուսանք, որ պատկան մարմինները կհայտնաբերեն օրինախախտներին»,- ասված է միության հաղորդագրության մեջ:

No comments: