Saturday, January 15, 2011

Եթե մենք թուլանանք, եվրոպացի պաշտոնյան չի բռնելու ադրբեջանցու ձեռքը. Դավիթ Ջամալյան

Tert.am. 15-1-2011- Միջազգային հանրությունը 21 տարի առաջ Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերին ամեն դեպքում կտա այն գնահատականը, որը բխում է աշխարհաքաղաքական շահերից։ Սակայն դա չի նշանակում, որ հայերը չպետք է աշխարհին ներկայացնեն արդարությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարությանը կից հանրային խորհդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Նա հիշեցնում է, որ երկրների քաղաքական վերնախավն է առաջնորդվում պետական շահերով, սակայն քաղաքականությունից հեռու հանրությունը օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու կարիք ունի։ «Հանրային կարծիք ձևավորելու առումով շատ կարևոր է աշխարհին արդարությունը ճիշտ մատուցելը»,- ընդգծեց Ջամալյանը՝ հավելելով, որ հայկական կողմն այդ ուղղությամբ որոշակի քայլեր իրականացնում է՝ ջարդերի վերաբերյալ նկարահանելով ֆիլմեր, այդ մասին գրված գրքերը թարգմանելով տարբեր լեզուներով։
«Նախ ինքներս մեզ համար մի հարց պետք է պարզենք՝ այն ինչ տեղի ունեցավ 1990 թ-ի հունվարին, անդառնալի անցյալ է, թե՞ դեռ սպառնում է մեզ։ Ցավալին այն է, որ դա դեռևս սպառնում է մեզ, և մենք իրավունք չունենք աչք փակելու այդ իրողության վրա, խաբել ինքներս մեզ, թե 21-րդ դար է, եվրոպական արժեքների մեջ ենք, նման բան հնարավոր չէ և այլն։ Ոչ ոք չի բռնելու ադրբեջանցու ձեռքը, եթե մենք թուլանանք և ադրբեջանցու համար որպես զոհ ընկալվենք»,- ընդգծեց բանախոսը։
Ջամալյանի խոսքով՝ հայաթափության քարոզչությունն Ադրբեջանում այն աստիճանի է հասել, որ ադրբեջանական հանրությունն այսօր էլ պատրաստ է անել այն, ինչ արել է նախկինում Սումգայիթում և Բաքվում։
Ըստ ռազմական փորձագետի՝ մենք հզոր պետականություն ձևավորելով պետք է կանխենք հակառակորդի հետագա գործողությունները։ «Դա է ելքը։ Ոչ մի եվրոպացի պաշտոնյա չի բռնելու այն ստահակի ձեռքը, ով պատրաստ է դիմելու նմանօրինակ քայլերի»,- ընդգծեց Ջամալյանը։
Ռազմական փորձագետը խորհուրդ է տալիս չմոռանալ, թե ովքեր են Ադրբեջանի ազգային հերոսները։ Դրանց թվում այն մարդիկ են, ովքեր մտել են Մարաղա, ծերեր ու երեխաներ են սպանել, գլխատել ու այրել։
Մեր ընկալման մեջ, ըստ Ջամալյանի, հերոսի կերպարն անմեղ մարդու գլուխը կտրողի կերպարը չէ։ Նա մարդ է, ով կռվել է հերոսաբար, մեր հերոսը բարոյական ուրիշ չափանիշների դաշտում է։

No comments: