Monday, December 27, 2010

Hurriyet. Հայկական բանակն ունի 60.000 զինվոր

Panorama.am. 27-12-2010- Թուրքական «Hurriyet» պարբերականը անդրադարձել է մասնավոր անվտանգության սեկտորի վերջին շրջանի զարգացմանը Թուրքիայի Հանրապետությունում: Անհրաժեշտ կադրերի պատրաստման համար գործում է 712 ուսումնական կենտրոն: Պաշտոնական տվյալներով` ներկայումս Թուրքիայում ոստիկանական ուժերին օժանդակության կարգով տարբեր հիմնարկ-հաստատությունների անվտանգության պահպանությամբ զբաղվում է 168.975 մասնագետ: Ընդգծվում է, որ այդ ցուցանիշով Թուրքիան գերազանցում է 134 երկրների զինված ուժերի թվին:
«Hurriyet»-ը, ներկայացնելով մի շարք երկրների զինված ուժերի թիվը, նշել է նաև հայկական բանակը (60.000): Նույն աղբյուրի համաձայն` Թուրքիայում ներկայումս ծառայության մեջ է գտնվում 232.000 ոստիկան: Հատկանշական է, որ թուրքական պարբերականը չի հիշատակել ադրբեջանական բանակի մասին, որը փաստորեն նույնպես իր թվակազմով զիջում է Թուրքիայի մասնավոր անվտագության ուժերի թվին:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության բանակը փորձագիտական հետազոտությունների արդյունքում համարվում է տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Ոչ վաղ անցյալում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայոց բանակի մասին կարծիք է հայտնել, որ այն ամենամարտունակն է հետխորհրդային տարածքի պետությունների բանակների շարքում:

Թուրքական «Zaman» օրաթերթն էլ օրերս իր հարապարկումներից մեկում ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած Հայաստանը Կովկասի ամենամարտունակ բանակն ունի, սակայն դրանով չի բավարարվում և ավելի շատ հզորանալու քայլեր է ձեռնարկում։
«Չնայած Հայաստանը քիչ բնակչություն ունի, բայց այն համարվում է Կովկասի ամենապրոֆեսիոնալ, ամենագրագետ և ամենաճկուն զինված ուժերն ունեցող երկիրը»,- գրել էր «Zaman»-ը:
Նշենք, որ հայկական բանակի կազմավորման օրը համարվում է 1992 թվականի հունվարի 28-ը, երբ կառավարությունը պատմական որոշում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» եւ հրապարակվեց նախարարի առաջին հրամանը:

No comments: