Monday, January 31, 2011

ՀԱՅՐ ՄԵՐ-Ն ԷԼ ՌՈՒՍԵՐԵՆ

«Լրագիր» 31-1-2011- Վերջերս Երեւանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանի այն որոշումը, ըստ որի` քաղաքապետարանի աշխատակիցների համար այսուհետև ռուսաց լեզվի դասընթացներ են անցկացվելու, Գյումրիի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բասեղյանը համարում է անհեթեթությունների շարքից բավականաչափ խոշոր նվաճում:
Ըստ նրա` Ռուսաստանն իր նեոկայսերական քաղաքականությունն է շարունակում իրականացնել, ինչի իրավունքն ունի, Հայաստանը անմեղսունակ կերպով է ինտեգրված այդ քաղաքականությանը, ուղղակի այլընտրանք չունի:
«Ինչպես ես իմ տանը տեսամագնիտաֆոնը կօգտագործեմ, Ռուսաստանը հենց այդպես էլ Հայաստանն է օգտագործում. խայտառակ օրինազանցություններ, փոփոխություններ հանուն անհեթեթ գաղափարների եւ ի ծառայումն, ի սպասարկումն Ռուսաստանի մեծապետական շահերի, շուտով կարող է ստիպեն ռուսերեն խաչակնքել, «Հայր Մերը»-ը ռուսերեն կարդալ` առավոտ կանուխ, բջջայիններն անջատելուց առաջ եւ միացնելուց հետո, իսկ հայհոյանքներից օգտագործել միայն «… տվայու մատь»-ը, ուրիշ ոչ մի քֆուր»,- ասել է Լեւոն Բարսեղյանը` համարելով որոշումը հակասահմանադրական այլասերում, ստորաքարաշության աննման դրսեւորում:

Անդրադառնալով Երեւանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Կրիվոպուսկովի այն հայտարարությանը, թե ռուսաց լեզուն մեր անվտանգության լեզուն է, Լեւոն Բարսեղյանը նշել է, որ ամբողջ ողբերգությունն այն է, որ հայաստանյան բարձր դիրքեր գրաված պաշտոնյաների մեծ մասը չի էլ զգում, որ սա ապուշություն է, նրանք սա նորմալ են դիտում, հենց աղետը դրա մեջ է:

«Եղբայր, իմացիր ռուսերեն, բայց համայնքային կամ պետական բյուջեի հաշվին նման բաներ մի արա, համարում եմ, որ պետական դավաճանություն էր օտարալեզու կրթության վերաներմուծումը 69+1 մեկ ֆորմատով»,- ասել է Լևոն Բարսեղյանը` մանրամասնելով, որ վաթսունինը ԱԺ պատգամավորներն են, որոնք անձնուրացությամբ կողմ քվեարակեցին ՀՀ Լեզվի օրենքի փոփոխությունների նախագծին, մեկն էլ հայտնի անձնավորությունն է, որ դակեց այդ փոփոխությունը, Բաղրամյան 26-ում է նստում, բայց, որը իրականում ուրիշ տեղ պետք է նստի` Կոշում:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ

No comments: