Thursday, January 13, 2011

Քաղաքագետ. Ադրբեջանը մտահոգված է, քանի որ միանշանակ խոսվում է ազգերի ինքնորոշման իրավունքի մասին

Կարելի է արձանագրել, որ Հարավային Սուդանում կայացավ ինքնորոշման հանրաքվեն, որի արդյունքում կհայտարարվի ևս մեկ պետության անկախության մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը՝ միաժամանակ հավելելով, որ Հարավային Սուդանի անկախացումն առաջին հերթին հետաքրքիր զարգացումների կարող է բերել Աֆրիկայում, որտեղ կա չճանաչված Սոմալիլենդը:
Անդրադառնալով Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի ազդեցությանը ԼՂ հարցի վրա՝ քաղաքագետը նշեց, որ Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեն մեզ համար մի կողմից այդքան էլ կարևոր չէ, որովհետև Լեռնային Ղարաբաղն իր ինքնորոշման իրավունքն իրացրել է դեռևս 19 տարի առաջ, բայց մյուս կողմից էլ, ըստ քաղաքագետի, Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը հետաքրքիր է միջազգային քաղաքականության մեջ նոր տարրերի ի հայտ գալու առումով: Մասնավորապես, Մարկարովի խոսքով, ինքնորոշման իրավունքը միջազգային քաղաքականության մեջ՝ որպես անկախանալու մեխանիզմ, սկսում է ակտիվորեն հանդես գալ: «Հանրաքվեները ներմուծվում են միջազգային քաղաքականություն՝ դառնալով ինքնորոշման իրավունքի իրացման միջոց»,- շեշտեց Մարկարովը:
Անդրադառնալով ինքնորոշման իրավունքի մյուս դեպքերին, ինչպիսիք են Կոսովոն, Հարավային Օսիան և Աբխազիան, Թիմորը և Ղարաբաղը՝ քաղաքագետը շեշտեց, որ այդ երկրներում ինքնորոշման իրավունքի իրացման դեպքերն ունեն նմանություններ և տարբերություններ: Մասնավորապես, փորձագետը նշեց, որ օրինակ Կոսովոյի, Հարավային Օսիայի և Աբխազիայի պարագաներում ինքնորոշման իրավունքն իրացվել է առանց դրանց նախկին քաղաքական կենտրոնների հետ համաձայնություն ձեռք բերելու: Մինչդեռ, ըստ Մարկարովի, Հարավային Սուդանի, Թիմորի և Էրիթրեայի պարագայում անկախության հանրաքվեներն անցկացվում են դրանց նախկին քաղաքական կենտրոնների հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա այն, Ալեքսանդր Մարկարովի խոսքով, իր ինքնորոշման հանրաքվեն անցկացել է 1990-1991թթ. առկա իրավական նորմատիվների բազայի հիման վրա:
«Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեով մենք ձեռք ենք բերում ևս մեկ հզոր հաղթաթուղթ»,- հայտարարեց Ալեքսանդր Մարկարովը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել այս տարի ԼՂ բանակցային գործընթացում: Ըստ քաղաքագետի՝ բանակցությունները կշարունակվեն, Ադրբեջանը կմտահոգվի՝ հասկանալով, որ Հարավային Սուդանի հանրաքվեն ոչ այլ ինչ է, քան ինքնորոշման իրավունքի իրացում: Միաժամանակ, Մարկարովը հիշեցրեց, որ Հայաստանը ԼՂ ինքնորոշման իրավունքի երաշխավորն է։
Ի դեպ, քաղաքագետը նշեց, որ Հյուսիսային Սուդանն այս հանրաքվեով շահեց միայն կայունություն: Նման քայլի համար, փորձագետի խոսքով, հարկավոր է քաղաքական կամք, որը ցուցաբերեց Հյուսիսային Սուդանի ղեկավարությունը և որով էլ վերջինս տարբերվում է Ադրբեջանի իշխանություններից:

No comments: