Thursday, January 13, 2011

Գ. Այվազյան. Մամեդյարովի հայտարարությունը ստահոդ է ու զառանցանք

Panorama.am. 13-1-2011- Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանն այսօրվա ասուլիսում ասաց, որ ադրբեջանցիները 1990 թվականի սև հունվարի ոճրագործությունը կազմակերպել էին նպատակ ունենալով առավելագույնը վնաս հասցնել հայերին: «Սև հունվարին հայերը ոչ միայն կորուստ ունեցան հազարավոր անմեղ զոհերի տեսքով, այլև` վերջնականապես կորցրեցին Հարավային Կովկասի հայկական հոգևոր, մշակութային, քաղաքական կյանքի խոշորագույն կենտրոններից մեկը` Հայոց Բաքու քաղաքը»,-ասաց Գ. Այվազյանը:
Ըստ նրա, ներկայի Ադրբեջանի անկախ Հանրապետությունը ծնունդ է առել թաթախվելով հայ անմեղ զոհերի արյան մեջ: Հայ ժողովուրդը, բանախոսի բնորոշմամբ, ստիպված է եղել թանկ վճարել` ենթարկվելով պերմանենտ ցեղասպանության: Չնայած ամենին, ադրբեջանահայերի զոհողությունն իզուր չի անցել, այլ դաս է դարձել Արցախի ու ողջ հայության համար ու հստակ է եղել, որ ԼՂՀ անկախության հարցը ոչ միայն ազատության ու անկախության, այլև` կենաց մահու պայքարի հարց է:

Նա շեշտեց, որ վերջին շրջանում Բաքուն անհանգստացած է Հարավային Սուդանի անկախության հարցով, քանի որ քաջ գիտակցում է, որ հաջորդը կլինի ԼՂՀ-ի անկախության պաշտոնական ճանաչումը: Հենց դրանից դրդված էլ, Գ. Այվազյանի խոսքով, Ադրբեջանի արտգործնախարարությունը, ի դեմս նախարար Էլմար Մամեդյարովի, «անհեթեթ հայտարարություն է հրապարակել»:

«Նա անհեթեթ հայտարարություններ է հրապարակել այսպես կոչված, նորացված Մադրիդյան սկզբունքների և Մուսկոկայի համանախագահների հայտարարության վերաբերյալ` փորձելով այդ ամենը ներկայացնել իբրև թե Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանման փուլային լուծման տարբերակ: Շահարկելով` Մուսկոկայի հայտարարության մեջ որպես բաղադրիչ արծարծված է փախստականների` նախկին բնակավայրեր վերադարձի հարցը, Մամեդյարովը ուզում էր շեշտել, որ դա վերաբերում է միայն այսպես կոչված ադրբեջանցի փախստականներին»,-ասաց բանախոսը:

Գ. Այվազյանը նշեց, որ դա ստահոդ հայտարարույուն է ու այն նույնիսկ զառանցանք համարեց: Նա ասաց, որ ասամբլեան բազմիցս դիմել է համապատասխան միջազգային կազմակերպություններին, դեսպանություններին ու խնդրել բացատրություն տալ, թե իրականում ում մասին է խոսքը: «Այնպես որ, պարոն Մամեդյարովին կարող եմ ուրախացնել, որ այնտեղ խոսք է գնում բոլոր փախստականների` նախկին բնակավայրեր վերադառնալու անխախտելի իրավունքի մասին և եթե ինքը շատ է տանջվում մարդկանց` իրենց հարազատ օջախներ վերադառնալու համար, ապա թող պատրաստ լինի մեկ միլիոն ադրբեջանահայերի վերադարձին»,-եզրափակեց նա:

No comments: