Tuesday, January 4, 2011

«Չի բացառվում, որ ԱՄՆ-ում Հայաստանի և Թուրքիայի ապաշրջափակման տարբերակը քննարկված լինի»

1in.am. 3-1-2011- Պարոն Գրիգորյան, օրերս թուրքագետ Արտակ Շաքարյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նոր տարբերակ է մտմտում: Այդ տարբերակի համաձայն` Հայաստանը պետք է բացի սահմանը Նախիջևանի հետ, Թուրքիան էլ, իր հերթին, պետք է բացի սահմանը Հայաստանի հետ: Երևանը թույլ է տալիս, որ երկաթգիծը Կարսով մտնի Գյումրի, սրանով Հայաստանը ապաշրջափակում է Նախիջևանը, և Թուրքիան էլ ապաշրջափակում է Հայաստանը: Նա նշեց նաև, որ այդ տարբերակի կողմնակիցներն այն մարդիկ են, որոնք կամ նախկինում աշխատել են Պենտագոնում, կամ էլ մեկ-երկու տարի անց պետք է աշխատեն Պենտագոնում: Դուք տեղեկացվա՞ծ եք այս տարբերակի մասին, և ի՞նչ կարող է այն տալ Հայաստանին կյանքի կոչվելու դեպքում:
- Ես տեղեկություն չունեմ նման հանդիպումների և քննարկումների մասին, բայց չեմ բացառում, որ այդպիսի տարբերակ քննարկված լինի ԱՄՆ-ում: Չպետք է մոռանալ, որ վերջին երկու տարվա ընթացքում ԱՄՆ-ն շատ ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Այդ ջանքերի համատեքստում կարելի է դիտարկել նաև ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք չտվեցին ցանկալի արդյունք: Ըստ այդ արձանագրությունների էլ` հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելուց առաջ: Արձանագրությունները ստորագրելուց առաջ տպավորություն էր ստեղծվել, որ կա այդ հնարավորությունը, սակայն ստորագրությանը հաջորդող իրադարձությունները ցույց տվեցին, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում առաջընթացի` հայ-թուրքական հարաբերությունները դժվար թե կարգավորվեն: Սահմանի բացման հարցում Ադրբեջանի դիրքորոշման մեջ էական է` դիտո՞ւմ է նա հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը իր համար որպես խոչընդոտ: Այդ հարցում կարող են տեսակետ հայտնել ադրբեջանցի փորձագետները և քաղաքական գործիչները: Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը սահմանի բացման հարցում, կարծում եմ, որ Հայաստանը դեմ չի լինի այդ տարբերակին:
- Վերջերս ադրբեջանական խորհրդարանը ձայների 93 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ վավերացրեց Թուրքիայի և Ադրբեջանի միջև ամռանը կնքված «Ռազմավարական գործընկերության և փոխօգնության մասին» պայմանագիրը, որի հիմնական նպատակը հայ-ռուսական համագործակցության մասին Երևանում այս տարվա օգոստոսին կնքված պայմանագրի հավասարակշռումն է: Սրանից զատ, հունվարի կեսին Բաքվում կանցկացվի Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակով երկխոսություն և պետք է քննարկվեն ռազմական համագործակցության ծրագրեր: Ձեր կարծիքով` այդ պայմանագիրը և հանդիպումը չե՞ն թուլացնի Հայաստանի դիրքերը:
- Չեմ կարծում, որ պետք է գերագնահատել այդ պայմանագրի դերը: Քանի դեռ կա Ռուսաստանի սպառնալիքը, Թուրքիան չի ձգտի տարածաշրջանում գնալու առճակատման: Այստեղ հիմնական գործոնը ոչ թե վավերացված պայմանագիրն է, այլ` Ռուսաստանի միջամտության հնարավոր սպառնալիքը: Իսկ Ադրբեջանի ռազմական կարողությունների ավելացումն ուղղված է առաջին հերթինՀայաստանի դեմ:
- Հայաստանում կան փորձագետներ, որոնք պնդում են, որ հայ-թուրքական արձանագրությունների կասեցումից հետո երկու երկրների միջև հարաբերությունների բարելավումը պետք է սկսել զրոյից: Ըստ Ձեզ` որքանո՞վ է դա իրատեսական:
- Ես կարծում եմ, որ առանց Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման` այդ արձանագրությունները հնարավոր չէ կյանքի կոչել: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու պետք է Թուրքիան համաձայնի վերափոխել արձանագրություններում Հայաստանի համար ոչ նպաստավոր կետերը ավելի նպաստավոր կետերի: Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները ի սկզբանե համաձայնել են պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հետ կապված որոշ խայտառակ ձևակերպումների, որոնք տեղ են գտել արձանագրություններում: Եթե Թուրքիան համաձայնի խմբագրել այդ կետերը, նշանակում է նա ինչ-որ զիջումներ է պահանջելու Հայաստանից:

No comments: