Saturday, January 29, 2011

Չավուշօղլուն վերակենդանացրեց ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովը

News.am. 28-1-2011- Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վերականգնվել է Լեռնային Ղաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Այսօր առավոտյան տեղի ունեցավ ԵԽԽՎ Բյուրոյի նիստ, եւ ինչպես ենթադրվում էր, Չավուշօղլուն ամեն ինչ անելու է, որ իր պաշտոնավարման ընթացքում լուծի իր համար գերակա խնդիրներից մեկը, այն է՝ վերականգնի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքը:
Ցավոք սրտի, այո, ենթահանձնաժողովը վերականգնեց իր աշխատանքները»,- ասաց Զոհրաբյանն ու հավելեց. «Պետք է ասեմ, որ Բյուրոյի նիստը, ինչպես ներկայացրել են ինձ նիստին մասնակցած իմ գործընկերները, ընթացել է ընթացակարգային խախտումներով, որովհետեւ երեկ հայկական պատվիրակությունը բաց նամակով դիմել էր Բյուրոյի անդամներին, որտեղ հիմնավորված էր, թե ինչու չի կարելի ԵԽԽՎ ֆորմատում վերսկսել նման հանձնաժողովի աշխատանքը, որ այն կարող է ուղղակիորեն խոչընդոտել ԵԱՀԿ Մինսկի խմբի պրոցեսին: Այդ նամակն այդպես էլ չի կցվել փաստաթղթերին»:
Ըստ Ն. Զոհրաբյանի, մեր պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ելույթ է ունեցել եւ հիմնավորել է, որ նման հանձնաժողովի գոյությունը խիստ հակաէֆեկտ է ունենալու կարգավորման վրա, բայց ցավոք միայն հայկական պատվիրակությունն է դեմ քվեարկել, իսկ մյուսները բոլորը կողմ են եղել:
Զոհրաբյանն անդրադարձել է նաեւ Բյուրոյում Ֆրանսիայի պատվիրակ Ժան-Կլոդ Մինյոնի վարքին: «Ես հանդիպել եմ նրա հետ, ներկայացրել եմ, թե ինչու է աննպատակահարմար նման ենթահանձնաժողովի գործունեությունը: Նա խոստացավ, որ Բյուրոյի նիստում անպայման կբարձրաձայնի այդ մասին, բայց ցավոք, ինչպես վկայում են իմ գործընկերները, նա որեւէ բառ չի ասել, բերանը ջուր է առել եւ նստել է: Համանախագահող երկրի ուշադրությունն եմ հրավիրում, որ իր ներկայացուցիչը Վեհաժողովի նիստում որեւէ կերպ չի արձագանքում»,- ասաց հայ պատգամավորը:
Նաիրա Զոհրաբյանը նշեց նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի նախագահ է ընտրվել Իսպանիայի ներկայացուցիչ, կատալոնացի Խուգլա ի Կոստան, ով Դեմոկրատների եւ Լիբերալների ալյանսի խմբակցության անդամ է, ինչպես Զոհրաբյանը: «Այստեղ եւս ընթացակարգային խախտումներ են գրանցվել: Երկու օր առաջ, երբ խմբակցության նիստում քննարկում էինք ենթահանձնաժողովում խմբակցությունից ներկայացուցչի հարցը, դրված էր ադրբեջանամետ բրիտանացի Մայք Հենքոքի թեկնածությունը, ես առարկություն հայտնեցի, որ նա չի կարող վստահելի լինել, քանի որ հստակ կատարում է Ադրբեջանի պատվերը: Ի պատիվ իրեն՝ Հենքոքը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը, քանի որ գտնում է, որ Ադրբեջանը ճիշտ է հակամարտության մեջ: Կոստան ընդհանրապես ներկա չէր նիստին, նրա թեկնածությունն առաջարկել է Վրաստանի պատվիրակը: Ես առարկեցի, որ միգուցե նա եւս ունի շահերի բախում, եւ չենք կարող առանց լսելու առաջադրել նրան»:

No comments: