Tuesday, January 4, 2011

ԵՄ նախագահությունը ստանձնել է Հունգարիան

Tert.am. 3-1-2011- Նոր տարվա առաջին օրվանից Հունգարիան ստանձնել է Եվրամիության նախագահությունը` փոխարինելով Բելգիային:
Բուդապեշտը Եվրամիությունը կգլխավորի մեկ կիսամյակ, և հենց այդ ժամանակահատվածում կքննարկվի 2014-2020թթ. բյուջեն:
Գործունեության հիմնական ուղղության մասին խոսելիս` Հունգարիան ընդգծել է Եվրամիության անդամ երկրներում տնտեսական աճի ապահովումն ու գործազրկության դեմ պայքարը: Բացի այդ, Բուդապեշտը մտադիր է բարելավել եվրոպացիների կյանքի որակը` չմոռանալով ազգային փոքրամասնությունների մասին:
Ծրագրվում է նաև զարգացնել համագործակցությունը մերձդանուբյան տարածաշրջանի երկրների միջև, ինչպես նաև լավացնել փոխհարաբերությունները արևելյան գործընկերների հետ: Այդ նպատակով այս տարվա մայիսին կանցկացվի գագաթնաժողով` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Բելառուսի մասնակցությամբ:
Հունգարիայի կառավարության ղեկավար Վիկտոր Օրբանը լավատես է և կարծում է, որ երկիրն այդ առաքելությունը պատվով կկատարի: «Հունգարացիները վստահելի ժողովուրդ են, որոնք տեսել և հաղթահարել են շատ ճգնաժամեր: Հետևաբար, կարող եմ ասել, որ հունգարական նախագահությունը Եվրոպային օգուտ կբերի»,- ասել է նա:

No comments: