Saturday, February 26, 2011

Սարգսյան-Մեդվեդև հանդիպումն ավարտվեց. Հայաստանի սպառողների համար գազի գինը 2011-ին չի բարձրանա

Tert.am. 25-2-2011- Սանկտ Պետերբուրգում քիչ առաջ ավարտել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։
Tert.am-ը Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանից տեղեկացավ, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների բանակցություններից հայկական կողմը գոհ է: «Մենք բավարարված ենք հանդիպման արդյունքներով: Նախագահ Սարգսյանի սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ: 2011 թ. ընթացքում Հայաստանի սպառողների համար գազի գինը չի աճի: Ավելին, սոցիալապես անապահով խավի համար գազի սակագինը կնվազի: ՀՀ նախագահը հանձնարարել է մշակել համապատասխան մեխանիզմներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հանդիպումից առաջ երկու պետությունների ղեկավարները ողջունել էին միմյանց և լուսանկարվել՝ գերադասելով բանակցություններից առաջ հայտարարություններ չանել։
«Կարևորն այն չէ, թե ինչ կասենք, այլ այն՝ թե ինչ կանենք»,– ասել էր Մեդվեդևը։
Նախագահների հանդիպումն ընթացել է փակ դռների ետևում։ Մեդվեդևն ու Սարգսյանը քննարկել են հայ–ռուսական հարաբերությունների վերաբերյալ տարբեր հարցեր, ինչպես նաև միջազգային հրատապ խնդիրներ։
Նշենք, որ ներկայում Հայաստանը Ռուսաստանից գազը ձեռք է բերում $180/1000 խմ գնով:

No comments: