Monday, February 28, 2011

Ողջ աշխարհի հայերն այսօր նշում են սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցը

News.am. 28-2-2011- Ողջ աշխարհի հայերն այսօր` փետրվարի 28 –ին նշում են սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցը: Ջարդերը, սկսվելով 1988թ. փետրվարի 26-ին, ուղեկցվեցին հայկական բնակչության նկատմամբ զանգվածային բռնություններով, սպանություններով ու թալանով: Պաշտոնական տվյալներով` անկարգությունների ժամանակ զոհվել էր 26 հայ, 100-ը ծանր վիրավորվել էր, թեեւ փորձագիտական գնահատականներով զեհվածների թիվը երեք օրում կազմել է 200 մարդ:
1988 թ. փետրվարի 29 –ին Մոսկվայում, ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նիստում պաշտոնապես ընդունվեց, որ Սումգայիթում հայ խաղաղ բնակչության զանգվածային ջարդերն ու սպանությունները նրանց ազգային պատկանելության պատճառով էին :
Ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված ջարդերը պատասխանն էին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի որոշման, որով նրանք դիմում էին Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների ղեկավարություններին` Ադրբեջանի կազմից դուրս գալու եւ Հայաստանին վերամիավորվելու խնդրանքով:
Երեք օր շարունակվող Սումգայիթյան ջարդերի արդյունքում եղան տասնյակ սպանվածներ, որոնց մեծ մասին կենդանի այրեցին` կտտանքների ենթարկելուց հետո: Հարյուրավոր վիրավորներից շատերը դարձան հաշմանդամներ, որոնց թվում` բռնաբարված անչափահաս աղջնակներ, երկուհարյուրից ավելի ավերված ու թալանված բնակարաններ, տասնյակ հրկիզված մեքենաներ, թալանված խանութներ ու հանրային նշանակության այլ օբյեկտներ, հազարավոր փախստականներ:

No comments: