Wednesday, February 2, 2011

Ա. Մելիքյան. Հայաստանը պարտավոր է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ խաղաքարտ ունենա իր ձեռքին

Panorama.am. 2-2-2011- Բացի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացից, Հայաստանը պարտավոր է ծավալել զուգահեռ գործընթաց, որպեսզի անհրաժեշտության դեպքում լրացուցիչ խաղաքարտ ունենա իր ձեռքին: Ասուլիսում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, նման խաղաքարտ ունենալու դեպքում Հայաստանը կարող է որոշակիորեն ազդել հայկական կողմի համար ոչ հաճելի զարգացումների, ելքերի վրա:
Նշենք, որ այս պարագայում խոսքը վերաբերում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած Բյուրոյի նիստում ընդունված որոշման` ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին:
Որպես «զուգահեռ գործընթաց», նա նշեց ԼՂՀ անկախության ճանաչման շուրջ ՀՀ-ի ու Արցախի միջև վարվելիք բանակցությունները: «Բազմատարբերակ վիճակ է ստեղծվել, մի տարբերակ էլ մենք կունենայինք ներկայացնելու: Չունենք»,- ասաց նա:

Ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանն էլ ասաց, որ ԼՂ անկախության ճանաչմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, քանի որ ԼՂՀ-ն դե յուրե ճանաչելը ժամանակի խնդիր է:

Միաժամանակ նա ասաց, որ հայկական կողմի դիրքորոշումը ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հարցում չէր կարող այլ լիներ, քան բացասական, ու արդեն իսկ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր: «Չեմ կասկածում, որ մեր պատվիրակության զինանոցում չլինեն համապատասխան միջոցներ: Բազմաթիվ են ապագայում ձեռնարկվելիք քայլերը»,- ասաց նա:

Ա. Դավթյանը համոզված է, որ ոչ շատ ուշ ԵԽ պատգամավորներն իրենք կբարձրաձայնեն ենթահանձնաժողովի անարդյունավետության մասին: Ա. Մելիքյանի կարծքով էլ, այն արդյունավետ չի գործի, բայց «ամենևին էլ լավ չէ, եթե Հայաստանը մեղադրվի հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու մեջ»:

No comments: