Thursday, February 17, 2011

Թուրքիան պատրաստվում է քանդել հայ լեզվաբանին պատկանող պատմական կարևոր նշանակություն ունեցող շինությունները

HayNews.am. 16-2-2011- Թուրքական իշխանությունները պատրաստվում են քանդել Զմյուռնիայի (թուրքերեն` Իզմիր) նահանգի Սելջուկ շրջանի Շիրինջե (հայտնի է նաև Չիրքինջե անունով) տուրիստական գյուղակի 16 շինությունները, որոնք պատկանում են պոսլահայ հայտնի լեզվաբան Սևան Նշանյանին, փոխանցում է CNNTurk-ը:
Շիրինջեն համարվում է Թուրքիայի զբոսաշրջային կենտրոններից մեկը, իսկ գյուղակի մի հատվածը վերակառուցել և այն զբոսաշրջային հայտնի կենտրոն է դարձրել Սևան Նշանյանը:
Թուրքական իշխանություններն արդեն մի քանի ամիս է`պատրաստվում են քանդել հայ լեզվաբանին պատկանող շինությունները:
Դրանք ծառայում են որպես հյուրանոցներ և հայտնի են «Նշանյանի տներ» անվանունով: Արդեն որոշված է քանդման աշխատանքների սկսելու ժամկետը. Իզմիրի նահանգապետարանը որոշել է վաղն առավոտյան բուլդոզերները մտցնել Շիրինջե:
Թուրքական իշխանությունների կարծիքով, բազում տարիներ հայ մտավորականի կողմից կառուցված և վերանորոգված տներն ապօրինի են և ենթակա են ապամոնտաժման: Նշանյանը տարբեր ատյաններում փորձել է բողոքարկել իր ունեցվածքը քանդելու որոշումը, սակայն` ապարդյուն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայ լեզվաբանը հայտարարել է, որ «իր զավակների պես հարազատ տները քանդելու համար ստիպված կլինեն թափել իր արյունը»:
Նշենք, որ գյուղում կա 600 շինություն, որոնք բոլորն էլ ունեն պատմական և զբոսաշրջային մեծ նշանակություն: Նշանյանն իրեն պատկանող հյուրանոցները կառուցելու համար ծախսել է մոտ 27 տարի:
Նշենք նաև, որ վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել նույն շինությունների պատճառով, մեղադրող կողմը հայ լեզվաբանի համար պահանջում է 50 տարվա ազատազրկում` «ապօրինի» շինարարության համար:

No comments: