Friday, February 25, 2011

ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՄՆԱՑԵԼ Է ՄԵԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈ՞ՒՆ

«ԱԶԳ», 25-02-2011- ԱՄՆ-ը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ` միջազգային իրավունքի եւ հելսինկյան սկզբունքների հիման վրա: Բաքու այցելության ընթացքում երեկ այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգը : «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, Սթայնբերգը նշել է, որ ԱՄՆ-ը հույս ունի առաջընթաց տեսնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ընդ որում, ըստ Սթայնբերգի, դա բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի շահերից:
Սթայնբերգը կարեւորել է հակամարտության կարգավորման դիվանագիտական ճանապարհի պահպանումը: Իսկ այ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան դարձած, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի մոտեցմամբ, մեր տարածաշրջանի համար չկա ավելի կարեւոր հարց, քան ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Ադրբեջանական կայքէջերի տեղեկացմամբ, Բրայզան նման հայտարարություն է արել երեկ` Բաքվում Ջեյմս Սթայնբերգի եւ ԱՄՆ եւս մեկ փոխպետքարտուղարի` Ֆիլիպ Գորդոնի հանդիպումներն ուղեկցելիս:
Այսօրինակ հայտարարությունը, եթե, իհարկե, ադրբեջանական լրատվամիջոցները ճիշտ են փոխանցում Բրայզայի խոսքերը, կամ եթե վերջինս այսօր արդեն չի հայտարարի իր ասածները սխալ ընկալելու մասին, չպետք է դիտարկել պատահականությունների շարքից: Հետեւաբար, ստացվում է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում այլ որեւէ հակամարտություն չի տեսնում, որը պակաս կամ ավելի կարեւոր կլիներ, այլ միայն ղարաբաղյանը, որն ամենակարեւոր հարց է դիտարկում: Այսինքն` Բրայզայի մոտեցմամբ, ԱՄՆ-ը այլեւս հակամարտություն կամ տարածաշրջանային խնդիր չի՞ դիտարկում Աբխազիայի կամ Հարավային Օսիայի հարցերը:

No comments: