Wednesday, February 9, 2011

Ադրբեջանի գործողությունները ճանաչել ցեղասպանություն

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՙԺառանգություն՚ խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի հայտարարությունը 2011թ. փետրվարի 8-ի Ազգային ժոովի նիստում.
«Հարգելի հայրենակիցներ,
Փետրվար ամիսը հայ ժողովրդի նորագույն պատմության ողբերգական էջերից է: 1988թ. փետրվարի վերջին ադրբեջանական պետական այրերի կողմից պլանավորված և իրականացված Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ գործողություններին համարժեք քաղաքական գնահատական տալու ժամանակն է:
Մարդկության պատմության մեջ 1918թ. առաջին անգամ քաղաքական քարտեզի վրա հայտնվեց ցեղասպան Թուրքիայի կողմից ստեղծվեց` այսպես կոչված Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը: Նպատակը մեկն էր. շարունակել հայերի Ցեղասպանությունն ու Հայրենազրկումը Արևելյան Անդրկովկասում:
Հայաստանի հետ վերամիավորման մասին ԼՂԻՄ-ի միանգամայն օրինական որոշումը որպես պատրվակ օգտագործելով` խորհրդային շղարշով քողարկված Ադրբեջան հորջորջվող, իսկ իրականում կովկասյան թաթարների իշխանությունները, ի շարունակություն տասնյակ տարիներ իրականացվող խտրական քաղաքականության, փորձեցին խաղաղ բնակիչների սպանդ կազմակերպելով` վերջնականապես ավարտին հասցնել հայերի նկատմամբ 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի անպատիժ մնացած Ցեղասպանությունը:
Ստեղծման օրվանից մինչ օրս ցեղասպանածին Ադրբեջանը հանդես է գալիս որպես ռասիստական քաղաքականություն իրականացնող և տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող միավոր:
Այս օրերին Թուրքիան և վերջինիս կողմից որպես ցեղասպան դուստր ձեռնարկություն ստեղծված Ադրբեջանը, այլևս չթաքցնելով իրենց հայատյաց նկրտումները, հետապնդում են երիտթուրքերի նույն նպատակները, ղեկավարվում են նույն գաղափարախոսությամբ, կիրառում են նույն դաժան եւ անմարդկային մեթոդները` յուրացնելով իրենց չպատկանող տարածքները եւ ոչնչացնելով հայության մշակութային ցանկացած հետք:
Ադրբեջանի կողմից պետական մակարդակով ծրագրավորված և իրականացված Սումգայիթյան և նրան հետևող բոլոր ցեղասպանական ակտերն այդպես էլ չեն արժանացել համարժեք իրավական գնահատականի: Դա ոչ միայն միջազգային հանրության եւ ածխաջրածնային շահերով ղեկավարվող աշխարհի ուժեղների խնդիրն է, այլև, նախևառաջ, նորանկախ Հայաստանի քաղաքական ղեկավարության թերացումների և մարդկության ու սեփական ժողովրդի առջև պարտականությունների չկատարման հետևանք:
Իմ կողմից շրջանառության մեջ է դրված հայության հանդեպ Ադրբեջանի գործողությունները որպես Ցեղասպանություն ճանաչելու մասին Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
ՙԺառանգություն՚ խմբակցությունը, հավատարիմ մնալով իր ծրագրային և կանոնադրական նպատակներին, դիմում է Ազգային ժողովի բոլոր քաղաքական ուժերին, իրապես հայրենասեր պատգամավորներին, անկաշառ եւ միջազգային իրավունքին տեղյակ իրավագետներին` համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանի գործողությունները որպես մարդկության դեմ հանցագործություն ճանաչելու մասին նախագիծը կարժանանա պատշաճ ուշադրության և միաձայն կընդունվի գարնանային նստաշրջանի ընթացքում»:

No comments: