Լոնդոնի համալսարանին առընթեր Արեւելյան եւ աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցում (SOAS) հայագիտության ամբիոնի բացման առաջին տարեդարձի առթիվ կազմակերպվել են մի շարք հրապարակային դասախոսություններՙ նվիրված սփյուռքում արեւմտահայերենի դասավանդման խնդիրներին: Ամբիոնի գործընկեր «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը, որը ներկայացուցչություն ունի Լոնդոնում, անշրջանցելի հաստատություն է դարձել հայագիտական ուսումնասիրությունների ասպարեզում: Թարգմանաբար ներկայացնում ենք հիշյալ ամբիոնի հիմնադիր եւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության կառավարիչ Մարտին Եսայանի հարցազրույցը France-Armenie ամսագրին: Նա Գալուստ Գյուլբենկյանի ծոռն է, Քեմբրիջի եւ Հարվարդի համալսարանների շրջանավարտ:- Կարո՞ղ եք համառոտակի ներկայացնել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը:
- «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը ստեղծվեց 1956-ին ՙ դրա հիմնադրի մահից հետո: Գալուստ Գյուլբենկյանը ցանկություն էր հայտնել, որ ստեղծվի մշակույթի եւ կրթության ոլորտներում մասնագիտացած միջազգային հիմնարկություն: Այն մասնավոր է, նստավայրը Լիսաբոնում է: Մեր գործունեության 50 տոկոսից ավելին կենտրոնացած է Պորտուգալիայում: Այսօր միջազգային գործունեության բաժինը կազմում է ընդհանուր բյուջեի ավելի քան 25 տոկոսը, մինչդեռ հինգ տարի առաջ 10 տոկոս էր: Հիմնարկության ղեկավար խորհուրդը ունի 7 անդամ, որոնցից 3-ը գործադիր չեն: Նախագահն ազգությամբ պորտուգալացի է:
- Հիմնարկությունում ո՞րն է Ձեր գլխավոր պարտականությունը:
- Ես ունեմ շատ պարտականություններ: Նախ եւ առաջ, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության գործադիր խորհրդի անդամ եմ, Լոնդոնի «Գալուստ Գյուլբենկյան» կենտրոնի տնօրենը եւ Լիսաբոնում գտնվող հիմնարկության հայկական համայնքների վարչության կառավարիչը: Վերջապես, կապված եմ մեր հիմնարկության նավթային մասնաճյուղի հետ (պորտուգալական PARTEX մասնավոր նավթային ընկերություն): Այդ ընկերությունը մի քանի նավթահոր ունի Արաբական թերակղզում, գլխավորապես Օմանում, ինչպես նաեւ ԱՄԷ-ում: Ի դեպ, մենք Անգոլայում եւ Բրազիլիայում մասնակցում ենք հորատման նախագծերին:
- Իսկ ինչի՞ վրա է հիմնված հիմնարկության հայկական ստորաբաժանման առաքելությունը:
- Մեր գլխավոր խնդիրը սփյուռքում հայկական մշակույթի եւ հայոց լեզվի պահպանումն է: Այդ նպատակով մենք արդեն հիսուն տարուց ավելի հետեւողականորեն օգնում ենք աշխարհի եւ մասնավորապես Մերձավոր Արեւելքի հայկական ուսումնական հաստատությունների մեծ մասին: Մեր գործունեությունը բնութագրվում է գլխավորապես աշխարհի հայ ուսանողներին եւ աշակերտներին կրթաթոշակների հատկացումներով: Հենց միայն անցյալ տարի մենք մագիստրատուրայի ուսանողների 500 եւ աշակերտների 3000 կրթաթոշակներ ենք հատկացրել հայկական ուսումնական հաստատությունների առավել կարիքավոր ուսանողներին եւ աշակերտներին: Այդպիսով մենք նպաստում ենք, որ մեր դպրոցները գործեն հնարավորինս լավ պայմաններում:
Բայց մեր աշխատանքը չի սահմանափակվում միայն սփյուռքի կրթօջախներով: Մեր նախագծերից մեկը վերաբերում է Երեւանի պետհամալսարանի ուսանողներին աջակցելուն: Շարժունությանը (դասախոսություններ արտերկրում եւ այլն) նպաստելու համար հատկացնում ենք տարեկան 35 հազար դոլար (25,7 հազար եվրո) ֆինանսական օգնություն: Բացի դրանից, մոտ 200 հազար դոլարի (147 հազար եվրո) հասնող «մանկավարժական թոշակների» ծրագիր ենք օգտագործում հայագիտական հետազոտությունները եւ հայերեն դասավանդումը խրախուսելու, Հայաստանում կարիքավոր ուսուցիչներին օժանդակելու եւ գիտական աշխատությունների հրատարակությանը նպաստելու համար: Մեր օգնությամբ հրատարակված 750-ից ավելի հայագիտական աշխատանքների շնորհիվ մեր ստորաբաժանումը հայկական գիտական գրքի հրատարակման առաջատարն է ինչպես Հայաստանում (անկախության տարիներին ֆինանսավորվել է 250 հրատարակություն), այնպես էլ սփյուռքում:
- Հիմնարկությունը տուժե՞լ է համաշխարհային ճգնաժամից:
- Մենք նշանակալի չափով տուժել ենք, ինչպես բոլորը: Ստիպված եղանք բյուջետային սահմանափակումներ կատարել: Այդուհանդերձ, Պարսից ծոցի մեր նավթահանքերից ստացված եկամուտները մեզ թույլ տվեցին խուսափել վատթարագույնից: Հարկ է նշել, որ անմշակ նավթի թանկացումը փոխհատուցեց մյուս ճյուղերում արձանագրված կորուստները: Ի հեճուկս ճգնաժամի, մենք մշտապես մտահոգվում ենք պահեստային միջոցների պահպանմամբ, որպեսզի զբաղվենք նոր նախագծերով, որոնցից է SOAS-ը:
- Հայագիտական ուսումնասիրությունների ամբիոնի ստեղծումից հետո անցել է մեկ տարի: Ինչպիսի՞ արդյունքներ ունեք:
- SOAS-ը եվրոպական համալսարանների մեջ հայտնի է որպես արեւելագիտական ուսումնասիրությունների բարձրակարգ կենտրոն: Ավարտված տարին համարվեց փորձաշրջան: Իմ կարծիքով, արդյունքներն ընդհանուր առմամբ դրական են: Ուսումնասիրությունների տվյալ ասպարեզում հայերենի տեղը դարձել է անշրջանցելի: Ըստ իս, անհնար է Օսմանյան կայսրության պատմությունն ուսումնասիրելՙ զանց առնելով հայկական աղբյուրները: Մեր նպատակն է ներգրավել ամեն տեսակի ծագումով հնարավորինս շատ ուսանողների, ինչպես նաեւ ստեղծել հայերենի դասընթացներին համացանցում հետեւելու պայմաններ: Արդ, այսուհետեւ հնարավոր կլինի հայոց լեզվի եւ հայկական քաղաքակրթության դասընթացներին հետեւել SOAS-ի շենքից դուրս եւ ստանալ այդ հեղինակավոր հաստատության վկայագիր: Այս առումով մենք առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս սփյուռքում արեւմտահայերենի տարածմանը եւ դրա մանկավարժական հիմքերի արդիականացմանը: Խոսքը նաեւ սփյուռքի մանկավարժական տարբեր կառույցների համակարգման ու գործակցության դինամիկան կայունացնելու, ինչպես նաեւ Լոնդոնի երիտասարդ հայ համայնքի կազմավորմանը նպաստելու մասին է:
Նկար 1. Մարտին Եսայանը (ձախից) եւ հայերենի դասախոս Գրիգոր Մոսկոֆյանը
ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ, France-Armenie, Ֆրանս. թարգմ. Պ. Ք.

  Tehran Time
  Yerevan Time

No comments:
Post a Comment