Saturday, February 19, 2011

Թուրքական մամուլն ամերիկյան մամուլից ավելի ազատ է. Թուրքիայի ՆԳ նախարար

News.am. 18-2-2011- Թուրքիայում «Էրեգենեկոն» գործի շրջանակներում լրագրողների ձերբակալության կապակցությամբ անհանգստություն հայտնած ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի հայտարարության է անդրադարձել Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ լրագրողներից մեկի հարցին, թե ամերիկացի դեսպանի խոսքերը թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամի մասին են վկայում, Բեշիր Աթալայը պատասխանել է. «Թուրքիայում մամուլի ազատություն ավելի շատ կա, քան ԱՄՆ-ում։ Թուրքիայում շատ արժեքավոր օրենք կա մամուլի մասին։ Այս համատեքստում Թուրքիան ոչ մի խնդիր չունի։ Թուրքիան ներկայիս իր մամուլի ազատությամբ ամենաժողովրդավարական երկրներից առաջ է»։
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն խոսել է Թուրքիայում խոսքի ազատության մասին եւ ասել. «Մենք չենք հասկանում Թուրքիայում տեղի ունեցողը: Մենք ուշադիր հետեւում ենք այդ գործընթացին: Մի կողմից լրագրողներ են ձերբակալվում, մյուս կողմից՝ խոսվում է խոսքի ազատության մասին: Անկախ մամուլը եւ խոսքի ազատությունը հսկայական նշանակություն ունեն Թուրքիայի համար»:
Ավելի ուշ Անկարայում ԱՄՆ նորանշանակ դեսպանը փորձել է ուղղում մտցնել իրա արած հայտարարության մեջ՝ նշելով, թե հիշյալ հայտարարությունը չի արել կոնկրետ երեւույթի վերաբերյալ։ «Մենք փորձում ենք հասկանալ, թե այստեղ ինչ է կատարվում։ Մենք չենք հասկանում, քանի որ օտարերկրացի ենք։ Թուրքիան կարեւոր երկիր է։ Մենք ցանկանում ենք, որ դուք օգնեք մեզ՝ Թուրքիայում տեղի ունեցածը ճիշտ հասկանալու համար»,-ասել է դեսպանը՝ նշելով, թե իրենք հասկանում են, որ Թուրքիան իրավական երկիր է։

No comments: