Wednesday, February 2, 2011

ԼՂՀ նախկին արտգործնախարարի համար հետաքրքիր էր, իսկ ՀՀԿ-ական պատգամավորի համար` տրամաբանական

Panorama.am. 2-2-2011- «Հայաստանի խորհրդարանը երկպալատանի դարձնելու հարցը մտածելու, մտորելու, խորը քննարկումների հարց է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը` մեկնաբանելով Կալիֆորնիայում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտարարությունը:
Պատգամավորի խոսքով, այդ հարցը դեռևս միանշանակ որոշված չէ, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների բավականին բարդ ու երկարատև գործընթաց է պահանջում: «Միանշանակ պնդել, որ անպայման կիրականացվի, դեռ վաղ է ասել»,- ընդգծեց Ա. Դավթյանը:
Ասուլիսին ներկա ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն էլ նշեց. «Եթե դա միայն սփյուռքի նախարարի որոշումն է, ուրիշ բան, բայց եթե կուսակցության որոշումն է, լրիվ այլ հարց է: Ե՞րբ է սա քննարկվել և ի՞նչ նպատակներով: Եթե ծերակույտի ներկայացուցիչները տարեկան 1 միլիոն դրամ վճարեն իրենց պաշտոնի համար, դա արդեն հասկանալի կլինի. սա բյուջե գումար մտցնելու տարբերակ կլինի»: Ա. Դավթյանը նշեց, որ կուսակցությունում դեռևս այդպիսի քննարկումներ չեն կայացել:

Ա. Մելիքյանը նաև ասաց, որ իր համար հետաքրքիր էր այդ լուրը լսել արտասահմանից, քանի որ, «վերջին հաշվով խոսքը գնում է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին: Նման հայտարարություն անել` առանց Հայաստանի հասարակությանը տեղեկացնելու, վատ ավանդույթ է ու լավ բանի չի հանգեցնի»:
Մինչդեռ, ըստ Ա. Դավթյանի, տրամաբանական է, որ հայկական ամենամեծ ու կայացած գաղթօջախում` Կալիֆորնիայում է արվել նման հայտարարություն:

No comments: