Wednesday, February 2, 2011

Թուրք հաքերների հարձակումը օգնել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտության տարածմանը

News.am. 2-2-2011- Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրք հաքերների կողմից փետրվարի 1-ին արտասահմանյան ավելի քան 6000 կայքեր ջարդելու փաստը, որոնք, ըստ թուրքերի, գրում են 1915 թ. ցեղասպանության մասին, իրականում օգնել է ցեղասպանության մասին ճշմարտության տարածմանը: NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ ըստ այդ տեղեկատվության հաքերական հարձակման հեղինակը «1923 թուրքական խումբն» է:
«Գուցե զավեշտալի հնչի, սակայն կարելի է նրանց շնորհակալություն ասել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարտությունը տարածելու համար, քանի որ այդ կայքերի սեփականատերերը դժվար թե խանդավառված էին կամ սիրով էին լցված թուրքական հաքերների եւ նրանց գաղափարի շուրջ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ կոտրված կայքերի շրջանում կատարած իր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ կայքերը չեն պարունակում ցեղասպանության վերաբերյալ տեղեկություններ։
«Կոտրել են ոչ թե ցեղասպանության վերաբերյալ կայքեր, այլ տարբեր արտասահմանյան կայքեր եւ տեղադրել ցեղասպանության վերաբերյալ որոշ հայտարարություններ։ Իմ այցելած մոտ 200 կոտրված արտասահմանյան կայքերից ոչ մեկում չեմ գտել ցեղասպանության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն»,- ասաց Ս. Մարտիրոսյանը։ Նա նույնիսկ չինարեն որոշ կայքեր է ծրագրով թարգմանել՝ պարզելու դրանց բովանդակությունը, սակայն այնտեղ ցեղասպանության վերաբերյալ նյութեր չի հայտնաբերել։

No comments: