Wednesday, February 16, 2011

ԼԻՆՍԻԻՑ ԷԼ ԶՐԿՎԵՑ ԵՐԿԻՐԸ

Հայտնի է դարձել, որ գործարար Քըրք Քըրքորյանի Լինսի հիմնադրամն ինքնալուծարվել է, եւ հիմնադրամի հաշվին եղած 200 մլն դոլարը եւ ունեցվածքը փոխանցվել է UCLA ուսումնական կենտրոնին, որն իրականացնում է կրթական ծրագրեր: UCLA-ի միջոցով հազարավոր ուսանողներ, այդ թվում եւ հայեր, ստանում են որակյալ կրթություն:
Լինսի հիմնադրամն իր գործունեությունը Հայաստանում դադարեցրեց 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ Հայաստանի իշխանությունը կրակեց խաղաղ ցուցարարների վրա: Այդ ժամանակ դադարեցվեց նաեւ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի ֆինանսական օգնությունը Հայաստանին: Այն ժամանակ, ի պատասխան այս քայլի, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը մեղադրական էր եւ մոտավորապես այսպես` «հեչ էլ տաք»::
Թե Լինսի, Թե ՀՄՀ-Հայաստանի միջոցներն այսպես ասած պարտավորեցնող չէին Հայաստանի համար, ինչպես վարկերը, եւ ուղղված էին երկրի կենսական նշանակության հաղորդակցությունների կառուցմանը, մարդկանց կյանքը բարելավելուն: Չնայած ահավոր չափերի հասնող չարաշահումներին ու յուրացումներին, այս երկու ծրագրի փողով, այնուամենայնիվ, բավական ծրագրեր իրականացվեցին: Ըստ ամենայնի, ամերիկացիները, որոնք հիանալի գիտեին իշխանական համակարգի բնույթը, հաշվել էին «ատկատը» եւ այնքան գումար հատկացրել, որ գոնե ինչ որ գործեր արվեն:

Հիմա Հայաստանը զրկվում է այս երկու կարեւոր աղբյուրներից: Այսինքն, իշխանությունը հանուն իր նեղ անձնական-խմբակային նպատակների երկիրը զրկեց զարգացման եւս մեկ հնարավորությունից:

Մի բան է լավ` Լինսի գումարները կծառայեցվեն կրթական նպատակների: Կարծես թե հայերի պատմության մեջ չկան նման օրինակներ, երբ գումարը ծախսվում է կրթության, մտքի զարգացման վրա: Եւ գուցե որակյալ կրթություն ստացած հայերը ապագայում փոխեն վիճակը Հայաստանում:

No comments: