Wednesday, February 16, 2011

ԱՆՁՆ ՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԸ

«Լրագիր» 16-2-2011- Հայաստանում հասարակական-քաղաքական որեւէ հարց քննարկելիս շատ հաճախ կարելի է լսել ձեւակերպումը, թե “ցավոք, Հայաստանում ոչ թե համակարգերը, այլ անձերն են հարց լուծում”, կամ “ցավոք, Հայաստանում անձերի, ոչ թե համակարգերի դերն է մեծ”, կամ “ցավոք, Հայաստանում ամեն ինչ անձերից, ոչ թե համակարգերից է կախված”:
Այն, որ այդ կարծիքները համապատասխանում են իրականությանը, անկասկած է: Բայց այդ կարծիքներն առավելապես “տրաֆարետ” են, “բանալ” ճշմարտություն: Այդ ամենն այնպես է ասվում, կարծես թե Հայաստանի բախտը չի բերել եւ համակարգերի փոխարեն անձեր է շահել ինչ որ լոտոյով: Ասենք, աշխարհում շատ երկրներ համակարգեր են շահել, իսկ մեզ բաժին են ընկել անձերը:
Համակարգը անձերի գործունեության, աշխատանքի արդյունք է: Որեւէ երկրում որեւէ համակարգ օդից չի ընկել կամ էլ Նոր Տարվա նվեր չէ: Համակարգերը ձեւավորում են անձերը, անհատները: Հետեւաբար, բոլոր երկրներում էլ նախ մեծ է եղել անձերի, անհատների դերը, որոնց տեսակից ու որակից էլ կախված է եղել տվյալ երկրներում համակարգերի ձեւավորման գործընթացն ու դրա արդյունավետությունը:

Այն, որ Հայաստանում համակարգեր դեռեւս չեն ձեւավորվել եւ համակարգերը չեն, որ կատարում են այս կամ այն ոլորտում կյանքի ընթացքը կանխորոշող, ղեկավարող դեր, ընդամենը հետեւանքն է այն բանի, որ չկան համապատասխան անձինք, կամ եթե կան, ապա չեն հայտնվել գործընթացների առաջնային պլանում: Միանգամայն բնական է, որ նախ մեծ է լինում անձերի դերը, եւ եթե այդ անձերի որակն ու մտածողությունն է բավարար մակարդակի լինում, նրանք ձեւավորում են հասարակական-քաղաքական, պետական կյանքը արդյունավետ սպասարկող համակարգեր: Կամ եթե այդ անձերի, անհատների որակը եւ մտածողությունն անբավարար է, նրանք ձեւավորում են հասարակական-քաղաքական, պետական կյանքը անբավարար մակարդակի սպասարկող համակարգեր:

Հետեւաբար, Հայաստանում որեւէ փոփոխության հասնելու համար անձերի դերի առումով ոչ թե պետք է “դարդ” անել, այլ պետք է ըմբռնել դրա բնականությունն ու փորձել թե անհատական, թե հանրային համարժեք վերաբերմունք ձեւավորել խնդրի հանդեպ: Երկրում նախ պետք է գտնվեն անհատներ, անձեր, հետո պետք է լուծվի նրանց մեկտեղելու, նրանց էներգիան միեւնույն հունի մեջ դնելու հարցը: Համակարգը բախտի բան չէ, մտքի բան է: Իսկ միտքը անհատական կատեգորիա է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: