Saturday, February 19, 2011

Չինաստանի բարձրաստիճան պաշտոնիայի այցը Ծիծեռնակաբերդ հայ ժողովրդի կողմից գնահատվում է երախտիքի զգացումով

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը բաց նամակ է հղել Հայաստանում Չինաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին, նշելով, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Յան Ցզեչիի այցը պատմական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար:

«Արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցը Հայաստան կրկնակի է արժևորվում համայն հայության համար, քանի որ Յան Ցզեչինը փետրվարի 17-ին հարգանքի տուրք մատուցեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Բարձրաստիճան պաշտոնիայի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հայ ժողովրդի կողմից գնահատվում է շնորհակալությամբ և երախտիքի զգացումով:

Հնագույն ժամանակներից մշակութային և առեւտրական կապեր ունենալով Չինաստանի և չին ժողովրդի հետ, հայ ժողովուրդը ակնածանքով և հիացմունքով է հետևում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքական և տնտեսական բոլոր այն հաջողություններին և նվաճումներին, որոնք ձեռք են բերվում երկրում առկա բարոյականության և սոցիալական արդարության միջավայրում քաղաքացիների աշխատասիրությամբ և նվիրումով:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության իրականացրած արտաքին և ներքին քաղաքականությունը տարածաշրջանում և աշխարհում կարող է օրինակ ծառայել ժողովուրդների իրապես համակեցություն և համերաշխություն ստեղծելու համար»,-ասված է դեսպանին ուղարկված նամակում:

No comments: