Tuesday, February 8, 2011

ՀՈՎԻԿՆ ՈՒ ՏԻԳՐԱՆԸ

«Լրագիր» 8-2-2011- ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 7-ի ճեպազրույցում բավական կոշտ էր արտահայտվել այն մասին, թե կառավարության որեւէ անդամ եթե կհայտարարի, թե կարող է ԱԺ-ին թելադրել, ապա “երազախաբ” կլինի: Հովիկ Աբրահամյանը այդ հայտարարության մեջ ընդգծել էր ոչ միայն կառավարությանը, այլ նաեւ մասնավորապես վարչապետին: «Եթե կառավարության որևէ անդամ, դա կլինի վարչապետը, թե այլ մեկը, կհայտարարի, որ կարող է թելադրել Ազգային ժողովին, ուրեմն ինքը կարող է երազախաբ լինել», ըստ panorama.am-ի նշել է Հովիկ Աբրահամյանը:
Դժվար է ասել, թե ինչն է Հովիկ Աբրահամյանին դրդել այդպիսի ագրեսիվ հայտարարության: Արդյոք այն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին շաբաթներին հրապարակվող սոցհարցումներում ազդեցիկության ավելի բարձր վարկանիշ ունի, քան Հովիկ Աբրահամյանը:

Ըստ երեւույթին, պատճառը հենց այդ է, որ Աբրահամյանը փորձում է ոչ թե ընդամենը մատնանշել Սահմանադրությամբ ամրագրվածը` որ խորհրդարանն ավելի բարձր է կառավարությունից, այլ հենց փորձում է բավական կոշտ գտնվել վարչապետի հանդեպ: Այդպիսի պայմաններում հոգեբանները հաճախ ասում են, որ ագրեսիան թուլության նշան է: Չէ որ Տիգրան Սարգսյանը կարծես թե երբեք հրապարակավ չի հայտարարել, թե կառավարությունը կամ ինքը կթելադրի կամ թելադրում է խորհրդարանին: Ինչու է Հովիկ Աբրահամյանն այդպես ագրեսիվ արձագանքում լրագրողների հարցին եւ շեշտում վարչապետի պարագան:

Ըստ երեւույթին, Հովիկ Աբրահամյանն էլ Տիգրան Սարգսյանին համարում է խորհրդարանի առաջիկա ընտրությանը ՀՀԿ նախընտրական ցուցակի իր գլխավոր մրցակիցը: Միեւնույն ժամանակ, Աբրահամյանը թերեւս հասկանում է, որ եթե Տիգրան Սարգսյանին առաջ են մղում, ապա առավելապես Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Թերեւս դրա համար է, որ Հովիկ Աբրահամյանը միեւնույն ժամանակ շտապում է իր հավատարմությունը հայտնել Սերժ Սարգսյանին եւ ասել, որ նա է լինելու ՀՀԿ թեկնածուն նախագահի հաջորդ ընտրությանն ու նրան է ինքը սատարելու:

Բավարար կլինի՞ արդյոք այդ ամենը սոցիոլոգիական հաջորդ հարցումներում Տիգրան Սարգսյանից առաջ անցնելու եւ կամ նրան հավասարվելու համար: Դժվար է ասել: Հայաստանի իշխանական համակարգում այժմ կարծես թե այնպիսի վիճակ է, որ ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել ամեն պահի, գուցե օրական մի քանի անգամ, կամ շաբաթը յոթ օր:

Քանի որ Սերժ Սարգսյանին դեռեւս ակնհայտորեն չի հաջողվել կառուցել իշխանական հստակ հիերարխիա, ապա ամենեւին չի բացառվում, որ հանգամանքները նրան ստիպեն ինչ որ պահի հրաժարվել Տիգրան Սարգսյանին առաջ մղելուց եւ առաջ քաշել Հովիկ Աբրահամյանին: Շատ բան թերեւս կախված կլինի նրանից, թե Տիգրան Սարգսյանն իշխանական համակարգում քաղաքական ազդեցության ինչ ունակություններ կդրսեւորի:

Այդ առումով առայժմ կարծես թե ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանը զգուշանում է քաղաքականությունից: Բայց երեւի թե հենց այդ պարագայի համար է ասված, որ երբ դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզանով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: