Tuesday, February 1, 2011

Ադրբեջանն աջակցում է հակաիրանական գործունեություն ծավալող ահաբեկչական խմբերին. Իրանական կայք

Panorama.am. 1-2-2011- Ադրբեջանի իշխանություններն անցյալ 20 տարիների ընթացքում տարածել են պանթյուրքիզմի գաղափարախոսությունը, աջակցել Իրանի պետականության դեմ հակաիրանական գործունեություն ծավալող ուժերին:
Այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարների բացահայտ աջակցությամբ Ադրբեջանում ազատորեն իրենց հակաիրանական գործունեությունն են ծավալում Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը, որի գործունեությունն ուղղված է Իրանի տարածքային ամբողջականության դեմ, Արևմուտքի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Մոնաֆեղին» կազմակերպությունը, «Փեժակ» և «Իրանի Քորդեսթանի դեմոկրատական կուսակցություն» կազմակերպությունները:
Իրանական «աթինյուզ.քոմ» կայքն էլ հաղորդում է, որ «Մոնաֆեղին», ինչպես նաև այլ ահաբեկչական խմբավորումների մոտ 110 անդամներ Ադրբեջանում ազատորեն զբաղվում են հակաիրանական գործունեությամբ: Ըստ իրանական կայքերի` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությանը մոտ կանգնած ադրբեջանական «ANS» հեռուստաալիքը «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամներին, որի ահաբեկչության զոհ են դարձել իրանցի բազմաթիվ պաշտոնյաներ, հարցազրույցի է հրավիրել և լուսաբանել նրանց գործունեությունը:

Ադրբեջանի վարած հակաիրանական քաղաքականությանն է անդրադարձել նաև իրանական «Սահար» հեռուստաալիքը, որը մասնավորապես, նշել է. «Համաձայն Wikileaks-յան բացահայտումներին`Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է հայտնել, թե ինչու ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ հայտարարած սպառնալիքները չեն իրականացնում: Ադրբեջանի պաշտոնյաները վերոնշյալ խնդրի վերաբերյալ ոչ մի բացատրությամբ հանդես չեն եկել»:

No comments: