Tuesday, February 22, 2011

«Ազգ». Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին կարող են պաշտոնանկ անել

 Թերթն անդրադառնում է Ադրբեջանում շրջանառվող տեղեկություններին, թե Ադրբեջանում ներքին մաքրազարդում իրականացնող իշխանական թիմը նախապատրաստվում է նաեւ արտաքին գործերի նախարար Մամեդյարովին պաշտոնանկել, իսկ վերջինիս, ըստ լուրերի, փոխարինելու է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը:
«Թեեւ դա ԱԳ նախարար Մամեդյարովի մոտալուտ պաշտոնանկության նախանշան դժվար է համարել, այդուհանդերձ, դիտարժան է, որ դեռեւս անցյալ աշնան խորհրդարանական ընտրությունների համատեքստում էր, որ ադրբեջանական մի շարք փորձագետներ կանխագուշակել էին ԱԳ եւ պաշտպանության նախարարների հնարավոր պաշտոնանկությունը:
Որեւէ կապ ունի՞ Մամեդյարովի հնարավոր պաշտոնանկությունը ԼՂ հարցով բանակցություններում առկա իրավիճակին, թե՞ դա ներքաղաքական ենթատեքստ ունի միայն` առայժմ այդ մասին ոչինչ հայտնի չէ: Մամեդյարովն ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնում է Հեյդար Ալիեւի ժամանակներից: Նա ունի կիրթ դիվանագետի համարում:
Անհավանական չէ ենթադրել, որ Մամեդյարովի պաշտոնանկությամբ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը կարող է ունենալ նոր դրսեւորումներ: Բայց, թերեւս, ամենահետաքրքրականն այն է, որ նման տեղեկություններ ադրբեջանական մամուլ են սպրդում Սոչիում անոնսավորված եռակողմ հանդիպման վերաբերյալ կանխատեսումների համապատկերի վրա»,- գրում է թերթը:

No comments: