Tuesday, February 22, 2011

Հայաստանում ցնցումներն անխուսափելի են. Ժիրայր Սեֆիլյան

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը համոզված է, որ վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող հեղափոխությունների ալիքը կհասնի նաև Հայաստան։ «Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես են մեկը մյուսի հետևից ընկնում դիկտատորները»,– Tert.am-ին տված հարցազրույցում ասաց Սեֆիլյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում ցնցումներն անխուսափելի են, և իրենց շարժման խնդիրն է այնպես պատրաստվել, որ այդ ցնցումները հնարավորինս մեղմ լինեն։ Սեֆիլյանը դժվարացավ ասել, թե այդ ցնցումների համար կոնկրետ ինչը կարող է հիմք դառնալ։ «Այդ ցնցումները կարող են սկսվել փոքրիկ հարցով։ Կծիկը կարող է սկսվել սոցիալական խնդրով, բայց գլխավոր պատճառը հաստատ չէ»,– նշեց նախկին հրամանատարը՝ ավելացնելով, որ ցնցումների պատճառները շատ ավելի խորն են և կապված են երկրում մարդկանց իրավունքների, քաղաքացիների արժանապատվության ոտնահարման, Արցախի խնդրի, սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ։
Մեկնաբանելով փետրվարի 18-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանի այն հայտարարությունը, թե «հուսահատության եզրին հասած ժողովուրդը կարող է թքել և ՀԱԿ–ի, և նույնիսկ Ղարաբաղի վրա», Ժիրայր Սեֆիլյանն ասաց. «Ինչ-որ չափով ճիշտ է այն միտքը, որ ժողովրդի համբերությունը չափ ու սահման ունի, բաժակը մի օր հորդելու է: Մեր շարժման խնդիրը հնարավոր դժգոհությունները ճիշտ ուղղորդելն է, որպեսզի առաջացած դժգոհությունը բերի համակարգային փոփոխության։ Մեզ հարկավոր է որակական, համակարգային փոփոխություն»։
Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը, Սեֆիլյանի խոսքով, կապ չունի հայ ժողովրդի ապագայի հետ և ընդամենը ուղղված է «տնտեսական լծակների բաշխմանն ու վերաբաշխմանը»։

No comments: