Thursday, February 17, 2011

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՆՅՈՒՔԱՍԼՈՒՄ ԷԼ ՍԿՍԵԼ ԵՆ «ՏՈԼՄԱ ՈՒՏԵԼ»

«ԱԶԳ», 17-02-2011 - Մի քանի ամիս առաջ անգլիական Նյուքասլ քաղաքում մի խումբ ադրբեջանցի երիտասարդներ, որոնք այստեղ են սովորելու նպատակով, հայտարարեցին, որ ստեղծել են միություն` «պահպանելու ադրբեջանական ինքնությունը եւ բարձրաձայնելու Ղարաբաղի իրական պատմությունը»: Երիտասարդները նույնիսկ թռուցիկներ ու բացիկներ էին տարածել իրենց օտարերկրացի հասակակիցների շրջանում` «հինավուրց ադրբեջանական ազգի եւ «սեւ այգի» Ղարաբաղի մասին»... Ավելին` տեղի բարերից մեկում երիտասարդները կազմակերպել էին «ադրբեջանական երգի ու պարի օր», ըստ ադրբեջանական աղբյուրների` միջոցառմանը մասնակցել են «մի խումբ անգլիացի, մի խումբ հույն, իսպանացի, իհարկե թուրք երիտասարդներ, անգամ երկու հայեր»:
Հյուրերին հրամցվել են «ադրբեջանական խոհանոցի» ճաշատեսակներ` տոլմա, խորոված, քյաբաբ, պարել են քոչարի, լեզգինկա եւ այլն: «Ժամանակ առ ժամանակ ուրախ պարեղանակը ընդմիջվում էր ազգային մուղամով. բրիտանացի ուսանողներին հատկապես շատ հոգեհարազատ էին ադրբեջանական ազգային երաժշտության նրբերանգները», ադրբեջանական կայքերից մեկին պատմել էր միջոցառման կազմակերպիչներից ապագա իրավապաշտպան Զաուրը:
Վերջինս նաեւ ընդգծել է, որ բարի պատերին փակցված են եղել պաստառներ, որտեղ պատկերված են եղել «Շուշիի մզկիթը եւ Ղարաբաղի ադրբեջանական լինելու այլ ապացույցներ». «Մենք շարունակելու ենք մեր արշավը, որի հիմնական նպատակն է ադրբեջանականության պրոպագանդումը եւ Ղարաբաղի հարցի արդարացի լուծումը»:
Թողնենք հեռավոր Նյուքասլի «ադրբեջանական համայնքին» մուղամ լսելիս ու դրանով «բրիտանացի երիտասարդներին հիացնելիս», ինչ վերաբերում է «Ղարաբաղի հարցի արդարացի լուծմանը», այստեղ մի քանի դիտարկում կցանկանայինք կատարել ու սկսել... հենց լեզգինկայից:
Ինչպես արդեն իսկ նշել է «Ազգը» անցյալ տարվա հոկտեմբերի 22-ի եւ 28-ի համարներում, գողությունը Ադրբեջանում խրախուսելի արարք է, ու երբ երեխան կատարում է իր առաջին գողությունը, ասենք, գողանում է հարեւանի հավը, ապա այդ երեւույթը անանվում է «սֆթա», իսկ հարազատներն էլ գալիս են աչքալուսանքի: Միայն լեզգինկա անունից կարելի է եզրակացնել, որ պարը պատկանում է լեզգի ժողովրդին, որը բնակվում է ՌԴ Դաղեստանի հարավում եւ այսօրվա Ադրբեջանի հյուսիսային մի քանի շրջաններում:
Հետեւաբար` լեզգինկայով «ադրբեջանականություն պրոպագանդելը» «սֆթա»-ի պես մի բան է, ինչպես նաեւ, օրինակՙ քոչարին տոհմիկ ադրբեջանական պարերի շարքում դասելը, կամ խաղողի թփից պատրաստված տոլման ադրբեջանական ազգային խոհանոց մտցնելը: Միգուցե այս իրադարձությունից, իսկ գուցե եւ հատկապես մոսկովյան ռեստորաններում ադրբեջանցիների կողմից` որպես ազգային պար պարբերաբար պատվիրվող լեզգինկայից հոգնած «Ազատ Լեզգիստան շարժում» միության պաշտոնական կայքը հրապարակել է հայտարարություն, որտեղ հնչում են լուրջ նախազգուշացումներ Ադրբեջանի հասցեին, որ այդ երկրին, նման պահելաձեւի հետեւանքով, սպասում է Հարավսլավիայի կամ Վրաստանի ճակատագիրը: «Պաշտոնական Բաքուն անկախությունից ի վեր «մենք խնդիրներ չունենք մուսուլման լեզգիների հետ» կարգախոսով տանում է դաժան աշխատանք` ձուլելու լեզգի ժողովրդին, սպառելու վերջինիս` որպես էթնոսի:
Այսօր Ադրբեջանին ընդամենը մեկ քայլ է մնում, որ առհասարակ ժխտի լեզգի ժողովրդի գոյությունը, շուտով ադրբեջանցի-թուրքերը կամ իրենց կկոչեն լեզգիներ, կամ լեզգիներին կկոչեն ադրբեջանցիներ, ինչը, անշուշտ, ավելի հնարավոր տարբերակ է», ասված է լեզգիների հայտարարության մեջ: Հատկանշական է, որ պատմության ընթացքում Ադրբեջանը սեփական արմատների մշտական փնտրտուքի մեջ է. սկզբում նրանք Կովկասի թաթարներ էին, հետո դարձան ադրբեջանցի-թուրքեր, այնուհետեւ` ազերի, հիմա նույնիսկ մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ ադրբեջանցիներին համարում են այսպես կոչված «Կովկասյան Ալբանիայի» հետնորդներ:
«Մի բան հստակ է. Ադրբեջանը իր քաղաքականությամբ խլում է այս տարածքներում ապրող բնիկ ժողովրդների լեզուն, մշակույթը, սովորույթները: Սակայն, հույս ունենք, որ այս ամենը ժամանակավոր է, քանի որ Ադրբեջանի թուլությունը չի կարող հավերժ ընդունելի դարձնել այդ երկրի իշխանությունների «կենդանական բնազդը»` «ամեն գնով պահել ձեռք բերած ավարը», ասված է լեզգիների հայտարարության մեջ, որն ավարտվում է կոչով` «աշխարհի ամեն մի կետում գտնվող լեզգին պարտավոր է հետեւողականորեն պահել-պահպանել իր ազգային ինքնությունը` թույլ չտալով մեր ազգի ձուլումը»:
Հավելենք նաեւ, որ ի տարբերություն շիա մահմեդական Ադրբեջանի, լեզգիների մեծամասնությունը, եթե մահմեդական է, ապա` սունի: Ավելորդ չենք համարում նշել, որ ըստ էության բազմազգ Ադրբեջանի սահմանադրությունը ունիտար, մեկազգ երկրի սահմանադրություն է: Այդ երկրում ապրող բոլոր ազգությունները, օրինակ` մի քանի տասնամյակ իրենց ինքնավարության մասին խոսող թալիշները, ներկայացվում են մեկ անունով` «ադրբեջանցի»: Ավելորդ ենք համարում մանրամասնել, որ, օրինակ, լեզգիական մշակույթը կամ ազգային խոհանոցը նույնպես «ադրբեջանական են», ճիշտ այնպես, ինչպես` ծիրանը, դուդուկը, քոչարին, Շուշին եւ առհասարակ` ամբողջ Ղարաբաղը: Ժամանակը միայն ցույց կտա, թե ի՞նչ զարգացումներ կլինեն բազմազգ Ադրբեջանում, իսկ առայժմ մնում է միայն պարզելՙ ի՞նչ կապ ունի ադրբեջանական իրոք ազգային «սֆթա» սովորությունը լեզգի ժողովրդի ու հատկապես մեր Ղարաբաղի հետ, ընդ որում դա ամենեւին էլ մեր պարզելիքը չէ, այլ այն մի խումբ ադրբեջանցի երիտասարդների, որոնք Նյուքասլում կազմակերպել էին «ադրբեջանական երգի ու պարի օր»:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: