Wednesday, February 23, 2011

ՄՈՒԲԱՐԻԶ ԱՀՄԵԴՕՂԼՈՒՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԿԵՂԾԱՐԱՐ Է ԿԱՄ ՏԳԵՏ

«ԱԶԳ», 23-02-2011- Արցախյան շարժման եւ ղարաբաղա- ադրբեջանական հակամարտության ակունքներին անդրադառնալով` Մուբարիզ Ահմեդօղլուն Day.az-ին ասել է. «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի` Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու եւ Հայկական ԽՍՀ մտնելու մասին որոշումից երկու օր անց Ասկերանի շրջանի տարածքում Ասկերանի եւ Աղդամի բնակիչներն անցկացրել են խաղաղ ակցիա: Հայերը կրակ են բացել եւ սպանել երկու երիտասարդ ադրբեջանցու:
ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսեւը, հանդես գալով կենտրոնական հեռուստատեսությամբ, հաստատել է երկու ադրբեջանցիների սպանության` ղարաբաղյան հակամարտության առաջին հեղված արյան փաստը: Հայերը պետք է գիտակցեն, որ իրենց կեղծիքը չի անցնում: Այն ոչ ճշմարտությունը, որ նրանք առաջ էին քաշել նախկինում, այժմ գործում է նրանց դեմ»:
Այս կերպ Ահմեդօղլուն «հերքում է» հայկական կողմի այն փաստարկը, որ անկախություն հռչակած ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանը պատերազմ է սկսել:
Նրա ջղաձգվածությունից պարզ հասկացվում է, թե ադրբեջանական կողմի համար որքան դժվար է միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ շփումներում հակառակն «ապացուցել»: Ահա եւ տեղեկատվական տեխնոլոգիաների «մասնագետը» որոշել է շրջանառության մեջ դնել վարկած, որ «հակամարտության առաջին արյունը հեղել են հայերը` Սումգայիթից առաջ»:
Բայց Ահմեդօղլուն չունի հիմնավոր փաստարկներ կամ չի գիտակցում իր առջեւ իշխանությունների դրած խնդրի լրջությունը, դրա համար էլ փաստերը միտումնավոր կամ տգիտաբար խեղաթյուրում է:
Սկսենք նրանից, որ ԼՂԻՄ մարզխորհրդի 1988թ. փետրվարի 20-ի որոշման մեջ խոսք չկա Ադրբեջանական ԽՍՀ կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու եւ Հայկական ԽՍՀ-ին միանալու մասին: Այնտեղ ընդամենն ասված է, որ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը միջնորդում է Ադր. ԽՍՀ եւ ՀԽՍՀ Գերագույն խորհրդին` քննարկելու եւ մարզի բնակչության մեծամասնության ձգտումների հաշվառումով դրականորեն լուծելու ինքնավար մարզը Ադր. ԽՍՀ կազմից ՀԽՍՀ կազմ մտցնելու հարցը:
Երկրորդ, ի՞նչ խաղաղ ակցիայի մասին է խոսքը, երբ բոլոր, այդ թվում եւ ադրբեջանցի հեղինակներն են վկայում, որ 1988թ. փետրվարի 22-ին Աղդամից դեպի Ասկերան է շարժվել մարդկային մի հսկա ամբոխ: Ընդ որում, ադրբեջանցի հեղինակները դա համարում են «բողոք ընդդեմ ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի հետ միավորման պահանջի»:
Իրականությունն այն է, որ ամբոխը հարձակվել է Ասկերանի շրջանի` Աղդամին սահմանակից գյուղերի վրա, իր ճանապարհին ավերել ինչ պատահել է, հրդեհել Խանաբատի ալրաղացը եւ հասել մինչեւ Ասկերան շրջկենտրոնի մատույցները:
Նախկինում ադրբեջանական կողմը շրջանառել էր վարկած, թե իբր «վրեժով լցված բազմությանը կանգնեցրել է Խուրաման Աբասովան` ամբոխի ոտքի տակ նետելով գլխաշորը»: Այդ թեզն այնքան էր դուր եկել խորհրդային քարոզչությանը, որ կենտրոնական մամուլի պատվերով Եվգենի Եվտուշենկոն գրել էր «Լաչակ» բանաստեղծությունը:
Ի՞նչ է կատարվել Ասկերանի մատույցներում: Ոչ ոք սպանված չի տեսել: Տեղում նման փաստ չի արձանագրվել: Եվ միայն միջադեպից ժամեր անց ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Կատուսեւը, բայց ոչ թե կենտրոնական, այլ Ադրբեջանի հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ «Ասկերանի մոտ երկու ադրբեջանցի է զոհվել»:
Ավելի ուշ նաեւ ադրբեջանցի հեղինակներից մասնավորապես Զարդուշտ Ալիզադեն, հիմք ունենալով ականատես ադրբեջանցիների վկայությունները, գրել է, որ «առնվազն մեկ հոգի զոհվել է ադրբեջանցի միլիցիոների կրակոցից»:
«Առնվազն մեկ հոգու» արյան համար պատասխանատվությունն, այսպիսով, ծանրանում է ադրբեջանական կողմի խղճին: Իսկ առհասարակ, 1988 թ. փետրվարի 20-ի ուշ գիշերը, հեռանալով Ստեփանակերտից, ուր եկել էր, որպեսզի ամեն գնով տապալի մարզխորհրդի նստաշրջանը, Ադր. ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովը Աղդամում հրավիրել է արտակարգ խորհրդակցություն` ԼՂԻՄ հարակից ադրբեջանական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: Այնտեղ ընդունվել է «հայերին խելքի բերելու անհետաձգելի միջոցառումներ սկսելու» որոշում: Ասկերանի վրա հարձակում ձեռնարկվել է այդ որոշման շրջանակներում:
Իսկ ավելի վաղ` փետրվարի 11-ին Ադր. ԿԿ կենտկոմի վարչական մարմինների բաժնի վարիչ Մահամադ Ասադովը, որը մինչ այդ զբաղեցրել էր Շամխորի շրջկոմի առաջին քարտուղարի պաշտոնը եւ կազմակերպել էր Չարդախլուի հայտնի դեպքերը, իսկ ավելի ուշ նշանակվել էր ՆԳ նախարար, Ստեփանակերտում ի լուր մի քանի հարյուր մարդու հայտարարել էր. «Եթե այս ամենին վերջ չտաք, ապա 100 հազար ադրբեջանցիներ կներխուժեն ԼՂ եւ այն կվերածեն գերեզմանոցի»: Նույն օրերին իշխանության հանձնարարականով գրվել, բազմացվել եւ տարածվել է Բախտիար Վահաբզադեի «Հողը» բանաստեղծությունը, որտեղ նա, դիմելով «տմարդի հարեւանին», ասում էր.
Քանի՞ անգամ եմ աչքերդ հանել
Հողիս վրա աչք տնկելու համար:
Ահա այդպես է իրավաքաղաքական խնդիրը վերաճել միջէթնիկական հակամարտության: Հայտնի չէ, թե այն տարիներին ինչ «փեշակ էր բանեցնում» Ահմեդօղլուն, բայց ասպարեզում ուրիշ գաղափարախոսներ եղել են, որ առաջնորդվել են «ո՞վ է հայը, որ մեր դեմ թպրտա» սկզբունքով եւ հազարավոր, տասնյակ հազարավոր զոմբիացածների մղել խելացնորության եւ նողկալի մարդատյացության` Ասկերանից մինչեւ Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու: Մինչեւ ԼՂՀ-ի դեմ պատերազմի սանաձազերծում, որի մասին, ի դեպ, Ադրբեջանի պետքարտուղար Լալա Հաջիեւան 1993թ. ասել է. «Մենք 120 օր Շուշիից հրթիռահրետակոծել ենք Ստեփանակերտը», ընդհանուր առմամբ ԼՂՀ մայրաքաղաքն ու մյուս բոլոր բնակավայրերը պաշարման մեջ են եղել ավելի քան մեկ տարի` 1991թ. ապրիլին սկսված «Կոլցո» ռազմագործողությունից մինչեւ Հայաստանի հետ մարդասիրական միջանցքի բացումը 1992թ. հունիսին:
Սա է իրողությունը: Եվ միջազգային հանրությունը քաջատեղյակ է դրան:


ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: