Tuesday, February 22, 2011

ԱՄՆ-ի նախկին դեսպան. «ԼՂ-ում իրավիճակը կարող է սրվել»

Diplomat.am. 21-2-2011- Վաշինգտոնում Ատլանտյան խորհրդի Հարավային Կովկասի հարցերով զբաղվող երկու վերլուծաբաններ` պաշտպանության գծով քարտուղարի նախկին տեղակալի օգնական Իան Բժեզինսկին և Ադրբեջանում և Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոսս Ուիլսոնը իրենց մտահոգությունն են հայտնել` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի առիթով: Երկու վերլուծաբանների կարծիքով, խաղաղ գործընթացը դանդաղ է ընթանում:
Ռոսս Ուիլսոնի խոսքերով, որը հայտնել է, որ «ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը սպասվածից էլ երկար է ձգձգվել», կա անհրաժեշտություն ավելացնել տվյալ պահին շատ թույլ միջազգային մոնիտորինգը` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված:

«Հակառակ դեպքում աճում է հայ-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի սրության հավանականությունը»: Նա նաև գտնում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականության հիմնական նպատակներն են հանդիսանում` ինքնիշխանության պահպանումը, շուկայական տնտեսության զարգացումը և եվրաատլանտյան կառույցներին ինտեգրումը:

Նախկին դեսպանի խոսքերով, այլ հակամարտությունների հետ մեկտեղ ԼՂ հակամարտությունը հիմնական խոչընդոտն է հանդիսանում տարածաշրջանի անվտանգության համար:

«Տարածաշրջանային համագործակցությունը` այդ թվում նաև Հայաստանի և Թուրքիայի միջև կապերի ամրապնդումը, կաջակցեն այդ խնդրի լուծմանը», - հավելել է նա:

Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Իան Բժեզինսկին նույնպես գտնում է, որ անցած տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը նկատելիորեն սրվել է, ինչը ավելացնում է տարածաշրջանի լարվածությունը: «Միջազգային հանրությունը` այդ թվում նաև ԱՄՆ-ն, կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում այդ խնդիրների լուծման համար»:

No comments: