Thursday, February 17, 2011

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸՙ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ

«ԱԶԳ», 17-02-2011 - Փետրվարի 14-ին Իլհամ Ալիեւը կարգադրություն է ստորագրել, որով արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է «նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել Բաքվում Պաղեստինի դեսպանատանը»:
Այդ առթիվ կողմերի միջեւ համաձայնություն ձեռք էր բերվել դեռեւս սույն թվականի հունվարի 31-ին: Թվում է` արտառոց ոչինչ չկա. Պաղեստինը դիվանագիտական ներկայացուցչություն ունի ոչ միայն Ադրբեջանում, այլեւ աշխարհի այլ երկրներում: Այդուհանդերձ, «Պոլիգոն» տեղեկատվական-վերլուծական կայքի փոխանցմամբ, թե՛ համաձայնագրի, թե՛, մա՛նավանդ, Իլհամ Ալիեւի ստորագրած կարգադրության տեքստում օգտագործված է «Պաղեստինի պետություն» արտահայտությունը:
Այլ խոսքով, Ադրբեջանի եւ Պաղեստինի հարաբերություններն անվանված են «միջպետական»: Թեեւ, ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի կողմից Պաղեստինը ճանաչված չէ որպես ինքնիշխան եւ անկախ պետություն: Միջազգային հարաբերություններում ներկայացված է որպես «Պաղեստինի ինքնավարություն», կազմավորում, որի անկախության հասնելու իրավունքը եւ ձգտումը ոչ ոք, այդ թվում եւ Միավորված ազգերի կազմակերպությունը, չի մերժում:
Սակայն խնդիրը վերջնական լուծում չի ստանում, քանի որ դիտվում է իսրայելա- պաղեստինյան բանակցությունների կտրվածքում: Իսկ դրանք, ինչպես հայտնի է, որեւէ հանգրվանի դեռեւս չեն հասել: Ավելին, հարցը լրջորեն բարդացել է այն բանից հետո, երբ Գազայի հատվածում իշխանության են եկել արմատական իսլամականները:
Պաղեստինում, փաստորեն, միասնական կառավարություն ձեւավորելու եւ ընդհանուր դիրքորոշմամբ Իսրայելի հետ բանակցություններ վարելու փորձերը, մեղմ ասած, հաջողությամբ չեն պսակվել, ինչի վկայություն թերեւս կարելի է համարել նաեւ կառավարական վերջին ճգնաժամը:
Այդուամենայնիվ, Պաղեստինի` որպես անկախ պետության ճանաչման հեռանկարի օգտին են արտահայտվում Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը: Իսկ վերջերս ՌԴ նախագահ Մեդվեդեւն անսպասելիորեն ուղղակի այցելություն կատարեց Պաղեստին` կարծես թե հասկացնելով, որ իր երկիրը նույնպես այդ կազմավորման անկախության միջազգային ճանաչման ջատագով է:
Ինչպես հայտնի է, Պաղեստինի անկախության եւ, ընդհակառակը, հրեական պետության մերժման ամենաարմատական դիրքորոշում ունի Իրանը: Եվ ահա այս իրավիճակում, երբ Պաղեստինի անկախության միջազգայնացման հեռանկարով բացահայտ շահագրգռվածություն են ցուցաբերում ե՛ւ ԱՄՆ-ը, ե՛ւ ԵՄ-ն, ե՛ւ Ռուսաստանը, Ադրբեջանի նախագահն իր ստորագրած կարգադրության մեջ օգտագործում է «Պաղեստինի պետություն» ձեւակերպումը:
Նախ ասենք, որ անկախությունից ի վեր Ադրբեջանը բարիդրացիական հարաբերություններ ունի Իսրայելի հետ: Ճիշտ է, պաշտոնական Բաքուն դեռեւս Իսրայելում դիվանագիտական ներկայացուցչություն չի բացել, բայց փոխարենը հրեական պետությունը դեսպան ունի Ադրբեջանում: Եվ դա թույլ է տալիս, որ երկու երկրները զարգացնեն հարաբերությունների ողջ համալիրը` ներառյալ ռազմատեխնիկական համագործակցությունը, որը նաեւ միջնորդավորվում է Իսրայել-Թուրքիա եւ Թուրքիա-Ադրբեջան կապերով:
Ներկա պահին, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն ընդունել է բավական պատասխանատու որոշում: Ըստ էության, այդ երկիրը, թեեւ անուղղակի, բայց ճանաչել է Պաղեստինի` որպես ինքնիշխան պետության գոյությունը: Իսրայելի արձագանքն իրեն սպասել չտվեց. նույն օրը Բաքվում հրեական պետությունը դադարեցրել է իր դեսպանատան աշխատանքները:
Վերլուծաբանական հանրության որոշ ներկայացուցիչներ դա բացատրում են նրանով, որ Իսրայելն «զգուշանում է Ադրբեջանում ահաբեկչությունների մասին ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրությունից»: Այս վարկածը բացառել չի կարելի, բայց նաեւ բնական է թվում հարցնել. «Իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ը չի առկախել Բաքվում իր դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքները»:
Եվ, իրոք, եթե խնդիրը վերաբերում է ահաբեկչությունների սպառնալիքին, ապա, ըստ ամենայնի, Իսրայելը կարող էր հետեւել ԱՄՆ-ի քայլերին, բայց ոչ` լինել նախաձեռնող: Եվ, ըստ այդմ, երեւի թե ավելի ճշմարտանման է այն վարկածը, որ դեսպանատան աշխատանքները մեկ օրով առկախելու քայլով Իսրայելը պարզապես Ադրբեջանին իր դիվանագիտական բողոքն է հայտնել:
Սա թերեւս ակնհայտ է: Բայց ավելի հետաքրքրական է մեկ ուրիշ հարց` Պաղեստինը փաստացի ճանաչելով որպես անկախ երկիրՙ Ադրբեջանը տուրք է տալիս իսլամական արմատականության ճնշումների՞ն, թե՞ պարզապես միանում է արաբա-իսրայելական վեճի կարգավորման միջազգային ջանքերին:
«Պոլիգոն»-ը, հղելով իր «դիվանագիտական աղբյուրներին», տեղեկացնում է, որ Իլհամ Ալիեւի վերոհիշյալ կարգադրության մասին իրազեկվելուց անմիջապես հետո Իսրայելից Բաքու է հղվել հեռագիր, որով հրեական պետությունն զգուշացրել է, որ «եթե Ադրբեջանը չվերանայի Պաղեստինի հանդեպ իր քաղաքականությունը, ապա այդ ժամանակ Իսրայելը համանման քայլեր կձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ Թել Ավիվը հաշվի չի առնի բարեկամությանը վնաս բերող ոչ մի հանգամանք»:
Եթե սույն տեղեկատվությունը նույնիսկ մոտ է ճշմարտությանը, ուրեմն կարելի է եզրահանգել, որ Ադրբեջանը Պաղեստինի հետ հարաբերությունները փորձում է տեղափոխել «իսլամական համերաշխության» ոլորտ: Իսկ դա պաշտոնական Բաքվի համար հավասարազոր է այսպես կոչված «ճշմարտության պահ»-ի ընտրության:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: