Wednesday, February 9, 2011

ՈՉԻՆՉ ՌԵԺԻՄԻՆ ՉԻ ՓՐԿԻ

«Լրագիր» 9-2-2011- Վերլուծելով Եգիպտոսում տեղի ունեցող զարգացումները` «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը նշել է, որ Եգիպտոսում հեղափոխությունն, այնուամենայնիվ, եղել է, և այդ հեղափոխությունը կփոխի քաղաքական համակարգը, մտածողությունը և զարգացման ուղղությունները:
Ըստ նրա` Եգիպտոսին զարգացման նոր հեռանկարներ են սպասվում բարեփոխումներից հետո, այսինքն` պարտադիր չի, որ հեղափոխությունից հետո անմիջապես ռեժիմը փոխվի:
Հաջորդ դասը, որ մենք ստացանք Եգիպտոսից, ըստ Ստեփան Դանիելյանի, այն է, որ մենք հիմա ապրում ենք մի այնպիսի աշխարհում, երբ երկրագնդի ցանկացած կետում կտրուկ փոփոխությունները կարող են դոմինոյի էֆեկտ ունենալ. Եգիպտոսում հասկացան, որ իշխանության կտրուկ փոփոխությունը կարող է ամբողջ տարածաշրջան ապակայունացնել, Եգիպտոսի ընդդիմությունը խոհեմ եղավ և գնաց բարեփոխումների կանխատեսելի զարգացումների ճանապարհով:
«Ես համաձայն չեմ այն մտքի հետ, երբ իշխանության ներկայացուցիչները ասում են` Հայաստանում հեղափոխություն չի կարող լինել: Նրանք խորապես սխալվում են, որովհետև Մուբարաքն էլ, իշխող ռեժիմն էլ մինչ այդ ասում էին`իշխանությունը Եգիպտոսում շատ ուժեղ է, տնտեսությունը զարգանում է, եւ Եգիպտոսում հեղափոխություն չի կարող լինել, սակայն նրանք մի օր արթնացան և տեսան` հեղափոխություն է եւ իմիջիայլոց պարզ չէ` ով էր այն ղեկավարում: Հոկտեմբերին ես Եգիպտոսում եղել եմ: Եգիպտացիները վստահ էին, որ ոչ միայն Մուբարաքը, այլև նրա որդին ցմահ կկառավարեն երկիրը, անցավ մի քանի ամիս ու դուք տեսաք, թե ինչ եղավ», նշել է Ստեփան Դանիելյանը` հավելելով, որ կարծիք կա`այն տարերային էր, սակայն եգիպտացիներին ուղղակի առիթ էր պետք:

Ստեփան Դանիելյանի խոսքով` նման բան կարող է Հայաստանում էլ կատարվել, բայց արդյո՞ք իշխանությունները վստահ են, որ Հայաստանում իրենց համար կլինի նույն ձեւի արդյունավետ հեղափոխություն: Նա նշել է, որ ինքն այնքան էլ վստահ չէ, որ Եգիպտոսի տարբերակը Հայաստանում կլինի. իշխող խմբավորումը կերազեր, որ Հայաստանում Եգիպտոսի տարբերակը լինի, բայց թող այդքան վստահ չլինի. «Եգիպտոսում, կրկնում եմ, հեղափոխություն եղել է, հեղափոխության լավագույն տարբերակն է եղել, և երկիրը սկսել է փոխվել. երևի պետք է 200.000 մարդ փողոց դուրս գա և 50 հոգու արյուն թափվի և դրա գնով Սերժ Սարգսյանը ցրի կառավարությունը կամ բանակում շտաբի պետ փոխի, կոռումպացված, սադիստ ոստիկաններ, կոռումպացված մարզպետներ փոխի, սակայն այդ ժամանակ կարող է ուշ լինի», ասել է Ստեփան Դանիելյանը:

«Հայաստանի իշխանությունը հույսը դրել է արտաքին ուժերի վրա, սակայն Եգիպտոսի, Թունիսի իշխանությունները խիստ կառուցողական արտաքին քաղաքականություն էին վարում և հատկապես Եգիպտոսը որոշիչ դեր է կատարում Մեծ Մերձավոր Արևելքի կայունության գործում, սակայն դա նույնպես ռեժիմին չփրկեց, Հայաստանում անգամ «Մուսուլման եղբայրները» չկան, որը գոնե իմաստ լիներ պաշտպանել գործող ռեժիմին: Անհասկանալի է, ինչի վրա է իշխող խմբավորումը հույսը դրել»:

No comments: