Wednesday, February 9, 2011

Սփյուռքը պետք է ընդլայնի հայաստանյան իր օրակարգը

Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու և երկպալատ խորհրդարան ձևավորելու մտադրությունները, որի մասին Միացյալ Նահանգներում ակնարկել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ապա Հայաստանի նախագահի մամուլի խոսնակը, ըստ գաղափարը հղացողների՝ նպատակ է հետապնդում աշխարհասփյուռ հայությունը ներգրավել հայաստանյան ներքաղաքական օրակարգում: Եթե չկշադատված, չհաշվարկված ու ընդամենը "սիրտ շահող" այդ մտադրությունները դառնան իրականություն, ապա մի կողմից չի ընդլայնվի Սփյուռքի հայաստանյան օրակարգը, մյուս կողմից՝ ավելի կխորանան ներսփյուռքյան կուսակցական (ՀՅԴ-ՍԴՀԿ-ՌԱԿ), հարանվանական (առաքելական-կաթոլիկ-բողոքական) ու միութենական (ՀԲԸՄ-Համազգային) հակասությունները:

Հայաստանի խնդիրները և բազում դժվարությունների լուծումները պետք է փնտրել նախ և առաջ Հայաստանի ներսում: Հայաստանի թիվ մեկ թշնամին երկարաժամկետ կտրվածքով Ադրբեջանը չէ, ոչ էլ՝ Թուրքիան: Հայաստանի զարգացումը խոչընդոտող գործոնները տնտեսական ու քաղաքական մենաշնորհներն են, ոչ արդյունավետ կառավարումն է, խորհրդարանական ու նախագահահական ընտրություններ կեղծելն է, մարդու իրավունքների ամենօրյա ոտնահարումներն են, սոցիալական անարդարությունն է, բիրտ հարկահանությունն ու համատարած կաշառակերությունը:
Ահա այսպիսի ներքաղաքական խնդիրներ ունեցող Հայաստանի օրենսդիր մարմնում Սփյուռքից անհատների, անգամ հանճարեղ անհատների ներգրավումը, որևէ չափով չի պակասեցնելու Հայաստանի խնդիրները և ոչ էլ օգնելու է դրանց հաղթահարմանն ու լուծմանը: Ապագա խորհրդարանում սփյուռքահայ ներկայացուցիչները, բացի կրթական ցենզից ու լայն աշխարհայացքից, քվեարկելու պահին գրեթե չեն տարբերվելու այսօրվա խորհրդարանականներից: Եթե Հայաստանի ներքաղաքական դաշտը չառողջանա, ապա սփյուռքահայ պատգամավորը կամ չի կարողանա աշխատել կամ էլ՝ կհարմարվի հայաստանյան պայմաններին ու կենթարկվի խաղի կանոններին:
Նախ պետք է ճշգրիտ ախտորոշումը գտնել ու նոր սկսել բուժման ցավալի, երկարատև, բայց նաև միակ ճանապարհը, որը նաև կլինի արժանապատիվ Հայաստանի կերտման ուղին: Երբ որ Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը (ի վերջո հենց այդ հասարակության անդամներն են մի քանի հազար դրամով վաճառում իրենց քվեն) կարողանան գոնե մեկ-երկու ընտրություն չկեղծել, այդ դեպքում կունենանք հասարակությանը պատասխանատու իշխանություն և իշխանություններից ակնկալիքներ ունեցող հասարակություն: Ներքաղաքական ճգնաժամը, համատարած ապատիան հաղթահարելու միակ տարբերակը հենց ազատ և արդար ընտրություններն են:
Հրանուշ Հակոբյանի և Հայաստանի իշխանությունների հղացումն անընդունելի է, հում է և չի դիմանում որևէ տրամաբանության: Ո՞ր Սփյուռքն է ներկայացված լինելու Հայաստանի երկպալատ խորհրդարանի Ծերակույտում: Հայ-թուրքական արձանագրությունները մերժող, թե՞ Սերժ Սարգսյանի հետ նկարվելու ցանկություն ունեցող: Ի՞նչ կարգով պիտի կատարվի սփյուռքահայերի ընտրությունը: Ամեն մի գաղութից քա՞նի հոգի են ընտրվելու, ո՞ր կուսակցություններից, ի՞նչ ժամկետներով: Ինչպե՞ս է հնարավոր՝ զուտ օրենքի տեսակետից, Հայաստանի խորհրդարանի վերին պալատի ընտրություններ կազմակերպել Թուրքիայում, որտեղ ունենք մոտ 70 հազարանոց հայ համայնք: Կամ Ռուսաստանում, որտեղ հայության թիվը գրեթե այնքան է, որքան Հայաստանում:
Անկասկած, Սփյուռքը պետք է ներգրավված լինի հայաստանյան օրակարգում: Ժամանակն է ջախջախել հայաստանցիների մեծ մասի մոտ ձևավորված այն ընկալումը, որ սփյուռքահայերը պետք է նյութապես օգնեն հայրենիքին ու չմիջամտեն (դրական իմաստով) Հայաստանի ներքին խնդիրներին: Ժամանակն է նաև, որպեսզի Սփյուռքն ընդլայնի իր օրակարգը և ավանդական դարձած Արցախյան բանակցություններից ու հայ-թուրքական հարաբերություններից բացի մտահոգվի Հայաստանի ներքին խնդիրներով, առաջարկի լուծման տարբերակներ և ուղիներ: Ամեն մի երկրի արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է: Եթե Հայաստանի ներքին քաղաքականությունը շարունակի մնալ այսօրվա անառողջ վիճակում, ապա Սփյուռքը չպիտի ակնկալի ընդունելի տարբերակներ Արցախյան հարցում կամ Հայաստան-Թուրքիա բանակցություններում:
Երբ հայ-ադրբեջանական սահմանի վրա հակառակորդի դիպուկահարից սպանվում է երիտասարդ հայ զինվորը, հայկական գաղութները դատապարտում ու ցավ են ապրում: Բայց երբ հայ դիպուկահարի գնդակից հայ երիտասարդը սպանվում է Երևանի կենտրոնում, Սփյուռքի հակազդեցությունը երբեմն դառնում է անհասկանալի իներտ: Սփյուռքի համար անհանդուրժելի պետք է լինեն ընտրությունների կեղծումները, մարդու իրավունքների ոտնահարումները, քաղաքական ու տնտեսական մենաշնորհները, համատարած կոռուպցիան ու մյուս հոռի երևույթները, որոնք տարին տարու վրա խարխլում են Հայաստանի պետականության հիմքերը:
Ինչպե՞ս է ստացվում, որ ժողովրդի մի ստվար հատված մերժում է հայ-թուրքական երկու արձանագրությունները, սակայն Հայաստանի (իբր) ներկայացուցչական մարմինը՝ Ազգային ժողովը, առանց հաշվի առնելու այդ ստվար հատվածի կարծիքը, հայտարարում է, որ ցանկացած պահի պատրաստ է վավերացնել այդ փաստաթղթերը: Որովհետև Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի քաղաքացիների ու քաղաքական դաշտի իրական պատկերը: Որովհետև ընտրությունները կեղծվել են: Հետևաբար, որպեսզի չունենանք խորհրդարան, որը պատրաստ է հայ-թուրքական արձանագրություններ վավերացնել կամ անտեսելով հասարակական կարծիքը ընդունել Լեզվի մասին օրենքում փոփոխություններ, նախ պետք է չհանդուրժենք անարդար ընտրությունները:
Անարդար ընտրությունների հենքի վրա բարձրացող քաղաքական համակարգը չի կարող հուսալի լինել և բավարարել հասարակության նվազագույն ակնկալիքները: Հետևաբար, Սփյուռքից մի քանի սենատորներ ընտրելը բալասան չի դառնա Հայաստանի ներքաղաքական վերքերը ապաքինելու համար:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Սիվիլիթասի փորձագետ

No comments: