Saturday, February 26, 2011

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԱԼԻԵՎԸ ՏԱՌԱՊՈՒՄ Է ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՄԲ»

«ԱԶԳ, 26-02-2011- ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը , անդրադառնալով մարտի 5-ին կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը, ասել է. «Մարտի 5-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը էական փոփոխություններ չի բերելու: Ես կարծում եմ, որ Մեդվեդեւն Ալիեւին բացատրելու է, թե ինչ հետեւանքներ կլինեն անձամբ իր համար, եթե շարունակի հռետորական գործողությունները: Ալիեւը տառապում է արկածախնդրությամբ, եւ չի բացառվում, որ նա կարող է դիմել պատերազմական գործողությունների: Հանդիպման հիմնական առաքելությունն այն է, որ պետք է բացատրական աշխատանքներ տանել պարոն Ալիեւի հետ: Եթե Մեդվեդեւին դա հաջողվի, ապա մենք մեկ տարի էլ կխուսափենք պատերազմից»:
Անդրադառնալով ընդդիմության միավրման խնդրինՙ Ա. Սարգսյանը նկատել է, թե ՀԱԿ-ն ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում. «Երբ նրանք հանկարծ կարողանան գալ իշխանության, այդ բլոկը չի կարող միասնական լինել: Մեկը` լիբերալ ծայրահեղ, մեկն` ավելի կենտրոնամետ, մեկը` սոցիալ դեմոկրատ եւ այլն: Ուրեմն պետք է գաղափարախոսությունը դնեն մի կողմ, իսկ այդ դեպքում` էլ ինչ կուսակցություն: Այդպիսի կոալիցիաներն ապրող չեն, նրանք չեն կարող արդյունավետ գործել: Սա իրավիճակային մի պահանջ է, որ նրանք միավորվել են` ելնելով նրանից, որ համարում էին, թե այս ռեժիմի դեմ այսպես է պետք պայքարել... Այդպիսի քաղաքական միավորումները պետք է ձեւավորվեն գաղափարական հենքի վրա, որպեսզի միասնական ծրագիր ներկայացվի ժողովրդին, հստակ ծրագիր, թե ինչ է արվելու այս քաղաքականության փոխարեն: Այսինքն` ընդդիմությունը պետք է հանդես գա որպես այլընտրանք: Իսկ այլընտրանք լինելու համար պետք է ունենալ հստակ ծրագիր: Սա մեր համոզմունքն է, այդ պատճառով մենք այս տարվա նախապատրաստական աշխատանքները տանում ենք մեր գաղափարական հենքին մոտ կանգնած կուսակցությունների հետ բանակցելով», ասել է Ա. Սարգսյանը:

No comments: