Wednesday, February 2, 2011

«Ընդհատված երգի» ադրբեջանցի դերասանը պլաստիկ վիրահատություն կկատարի և կգնա Եվրոպա

Tert.am. 2-2-2011- «Ընդհատված երգը» կինոյի լեզվով երկու ժողովուրդների հակամարտության մեջ պարզաբանում մտցնելու փորձ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոսկվայում նկարահանվող հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող «Ընդհատված երգը» գեղարվեստական ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը։ Ըստ նրա՝ ֆիլմն արժանի չէ այն հալածանքներին, որոնք Ադրբեջանի կողմից են նկատվում։ «Իրենք էլ չհասկանալով՝ մեծ գովազդային արշավ են սկսել ֆիլմի դեմ»,– ընդգծեց բանախոսը։
90 րոպե տևողությամբ այս ֆիլմը կպատմի հայ և ադրբեջանցի երկու երիտասարդների մասին, ովքեր ղարաբաղյան պատերազմի ժամանակ ընկնելով նույն հորը՝ բանավեճի են բռնվում։ Հայն ասում է, որ Արցախը պետք է անկախ լինի, քանի որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, իսկ ադրբեջանցին փորձում է հավատացնել, որ ադրբեջանցիներն Ադրբեջանում հայերի հետ համերաշխ են ապրել։ Ֆիլմի հեղինակները չեն պաշտպանում հերոսներից որևէ մեկի դիրքորոշումը, այլ ընթացող բանավեճի միջոցով փորձում են ստեղծված իրավիճակից երկուստեք ընդունելի ելք գտնել:
Ֆիլմի փոսի տեսարանները կնհարականվեն Մոսկվայում, իսկ զանգվածային տեսարանները՝ Լեռնային Ղարաբաղում։
Ֆիլմի նկարահանումների համար ընտրված մոսկվաբնակ ադրբեջանցի դերասանը դեկտեմբերին վերջին հրաժարվել էր համագործակցությունից։ Ըստ ֆիլմի պրոդյուսերի՝ պատճառն Ադրբեջանի կողմից նկատվող ճնշումներն ու ադրբեջանական թունոտ քարոզարշավն է եղել։ «Ադրբեջանցիները վախենում են, որ ֆիլմը կստանա լայն հասարակական արձագանք, միջազգային հանրությանը կներկայացնի կոնֆլիկտի իրական պատկերը՝ չհամեմված ադրբեջանական պրոպագանդայով»,– նշեց բանախոսը։
Այսօր արդեն ֆիլմում նկարահանվելու համար ընտրվել է մեկ այլ ռուսաստանաբնակ ադրբեջանցի դերասան։ Նա, սակայն, համաձայնել է ֆիլմում նկարահանվել այն դեպքում, եթե իրեն շատ գումար տան, որպեսզի կարողանա պլաստիկ վիրահատություն կատարել և գնալ Եվրոպա։ Ֆիլմի նկարահանող անձնակազմը պատրաստ է բավարարել այս պահանջը։ Ֆիլմում հայի կերպարը մարմնավորում է Մոսկվայի հայկական թատրոնի 28–ամյա նախկին դերասան Կարեն Մարտիրոսյանը։
Ֆիլմի նկարահանումները կվերսկսվեն փետրվարի 7-ից։ Պրեմիերան կկայանա Մոսկվայում՝ մայիսի վերջին։ Նպատակ կա ֆիլմը ցուցադրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և բալկանյան որոշ պետությունների մեծ էկրաններին: Հունիսին այն նաև Հայաստանում կցուցադրվի, այժմ աշխատանքներ են տարվում ֆիլմը նաև Ադրբեջանում ցուցադրելու համար։
Ֆիլմի ֆինանսավորումն իրականացվում է ստեղծագործական խմբի անձնական միջոցներով, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ որոշ զանգվածային տեսարանների նկարահանման, ինչպես նաև տարբեր երկրներում պրեմիերաներն ու ցուցադրումները կազմակերպելու համար: Նկարահանող խումբը պատրաստ է քննարկել նախագծին օժանդակության բոլոր այն առաջարկները, որոնք չեն ենթադրում սյուժեի փոփոխում: Ֆիլմի նկարահանման համար կծախսվի մոտ 1 մլն դոլար։ Աշոտ Պողոսյանը նշեց, որ ֆիլմի նկարահանման համար անգամ իր ավտոմեքենան է վաճառել։
Ի դեպ՝ ֆիլմն ունի նորաբաց պաշտոնական կայք՝ www.prervannaya-pesnya.ru հասցեով։ Այն երկու շաբաթվա ընթացքում 200 հազարից ավելի այցելու է ունեցել, որից 29 890–ը՝ Ադրբեջանական IP-հասցեներից։
Կայքի գործարկման երկրորդ օրը այն ադրբեջանի հաքերների կողմից հարձակման է ենթարկվել։ Աշոտ Պողոսյանի խոսքով՝ հաքերային 26 հարձակման փորձից միայն մեկն է հաջողվել։
Թե ինչո՞ւ «Ընդհատված երգ», ֆիլմի հեղինակներն առայժմ չեն բացահայտում։ «Ամեն ինչ կիմանաք վերջում»,– նշեց պրոդյուսերը։
Ֆիլմի կարգախոսն է՝ «Պատերազմի վերջնական նպատակը խաղաղությունն է»:
«Ֆիլմի միջոցով Ղարաբաղյան հիմնահարցն ու դրա հետ կապված հետագա զարգացումները միջազգային հանրությանը պիտի ներկայացվեն չաղավաղված տեսքով: Մենք կոչ ենք անում ադրբեջանական կողմին դրսևորել ողջամտություն և միանալ նախագծին»,– նշեց Աշոտ Պողոսյանը։

No comments: