Thursday, February 10, 2011

Աշոտ Մանուչարյանը հնարավոր է համարում ընդդիմադիր ուժերի միավորումը

Tert.am. 10-2-2011- «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում ստեղծված ներկայիս իրավիճակը համեմատեց ձյան պատճառով լեռնանցքում առաջացած խցանման հետ, որտեղ իրավիճակը փորձում է կարգավորել ավտոտեսուչը:
Ըստ Մանուչարյանի` մի կողմից անգլոսաքսոնական աշխարհն է փորձում իրականացնել ավտոտեսուչի դերը` տրանսֆորմցիայի ծրագրի միջոցով, և արձանագրում է նորանոր հաջողություններ: «Նրանք փորձում են կարգավորել երթևեկությունը, բայց դա անում են այնպես, ինչպես իրենց երկրին է ձեռնտու»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ մյուս կողմից Ռուսաստանն է, որը զգում է, որ իր պատառիկը տանում են, իսկ առանց Կովկասի Ռուսաստանը չի կարող: Ըստ բանախոսի` Հայաստանի ներքին ուժերը պետք է փորձեն ստանձնել այդ ավտոտեսուչի դերը:
Այս համատեքստում բանախոսը անդրադարձավ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությանը:
«ԲՀԿ-ՀՀԿ հարաբերությունները գտնվում են պոկելու հարթության մեջ: Նրանք մտածում են` ձյան ստեղծած իրավիճակից ինչ կարող են իրենց համար օգտակար պոկել: Այդ բախումները իրենց մեջ մեր ժողովրդի համար ոչ մի նոր բան չեն պարունակում: Փակուղային վիճակում մի գործընթաց է, որ իրարից մի բան պոկեն»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Նա նշեց, որ այս բախումները անկախ չեն և ուղղորդվում են արտաքին ուժերի կողմից:
Բանախոսը անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի՝ վերջերս Mediamax-ին տված հարցազրույցին` նշելով, որ Քոչարյանը միշտ եղել է ու մնում է քաղաքականության մեջ:
«Նրա քայլերի փիլիսոփայության մեջ ոչ մի փոփոխություն չեմ տեսնում: Այդ քայլերը հետաքրքրություն չեն պարունակում, եթե ուղղված չեն այս կյանքից մեկ այլ կյանքի անցնելուն»,- ասաց Մանուչարյանը:
«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը կարծում է, որ Հայաստանում ձևավորվելու են նոր քաղաքական ուժեր: «Հայաստանում ոչ մի կայուն կետ չկա` հատկապես քաղաքականության մեջ: Քաղաքական ուժերը այսօր զբաղված են տնտեսական ոլորտի վերաբաշխմամբ և ոչ թե քաղաքականությամբ»,- ասաց նա:
Աշոտ Մանուչարյանը նաև հնարավոր համարեց ընդդիմադիր ուժերի միավորումը և նշեց, որ խոհրդարանական ընտրությունները կլինեն այս տեղաշարժերի վավերացումը:
Նա ասաց, որ փոձել է ու փորձելու է համագործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնց գործունեությունն ուղղված է Հայսաստանը այս կյանքից դեպի նոր կյանք տանելուն, նպաստելու է նրանց միավորմանը, քանի որ հաճախ այդ ուժերը ցրված են գործում:

No comments: