Thursday, February 10, 2011

Պոլսի հայկական «Թաքսիմսփոր» ֆուտբոլային ակումբը դուրս եկավ Սիրողական ֆուտբոլի բարձրագույն խումբ

HayNews.am. 10-2-2011- Պոլսի հայկական «Թաքսիմսփոր» ֆուտբոլային ակումբը փլեյ-օֆի արդյունքում դուրս է եկել Թուրքիայի Սիրողական ֆուտբոլի բարձրագույն խումբ: Հայկական ակումբը Սիրողական առաջին լիգայում զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը և բարձրագույն խումբ դուրս գալու համար մասնակցել փլեյ-օֆֆ հանդիպումների ու հաղթանակի հասել: Այս մասին հայտնում է Radikal-ը:
«Թաքսիմփսորը» հիմնադրվել է 1940 թվականին, «Գալաթասարայից» առանձնացած «Գյունեշսփոր», «Նոր Շիշլի» ու Եսայան մարզական ակումբների միավորման արդյունքում: Ակումբը 1974 թվականից հանդես է գալիս սիրողական մակարդակով, սակայն շարունակում է վայելել մեծ թվով երկրպագուների համակրանքը:
Հայկական թիմը կարևոր ներդրում է ունեցել թուրքական ֆուտբոլի զարգացման գործում: «Թաքսիմսփորում» է հանդես եկել թուրքական ֆուտբոլի ամենավառ անուններից մեկը՝ հայազգի Կարբիս Իսթանբուլօղլուն, ով առավել հայտնի է «Թենեքեջի» (հայերեն՝ «Թիթեղագործ») մականունով: Վերջինս 50-ականների սկզբներին 5 անգամ հանդես է եկել Թուրքիայի ազգային հավաքականում:
1982-83 թվականին այս թիմում է հանդես եկել նաև «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքը:
Նշենք նաև, որ ակումբի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ միջոցառումներին հրավիրվել է նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը:

No comments: