Tuesday, February 15, 2011

Արցախում անցկացվում է հրամանատարաշտաբային լայնածավալ զորավարժություն

Tert.am. 14-2-2011- Փետրվարի 14-ին ԼՂՀ-ում մեկնարկել է պաշտպանական կարևորության հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որում բացի ՊԲ-ից, ներգրավված են նաև Արցախի ուժային, առողջապահական և ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը:
Աննախադեպ ծավալով ուժերի և միջոցների ներգրավմամբ անցկացվող զորախաղերի նպատական է կատարելագործել հանրապետությունում առկա ռազմական և թիկունքային ապահովման ներուժի մարտական կիրառման հնարավորությունները, բարձրացնել զորավարժությանը մասնակից անձնակազմի մարտական պատրաստությունն ու պատրաստականությունը, պարզորոշել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԼՂՀ Պաշտպանության բանակի, ոստիկանության, Արտակարգ իրավիճակների վարչության, Ազգային անվտանգության ծառայության, առողջապահության և ռազմական կարևորության մյուս ոլորտների պատրաստությունն ու փոխհամագործակցության աստիճանը: Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետական ու տարածքային զինկոմիսարիատների գործունեությանը, նրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրմանն ու համալրման գործընթացին` ըստ զորամասերի և ստորաբաժանումների:
Ինչպես հայտնում են ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից, հրամանատարաշտաբային զորավարժությունը կշարունակվի մինչև փետրվարի 19-ը:

No comments: