Wednesday, February 2, 2011

«Ենի Մուսավաթ». «Ադրբեջանում հեղափոխություն է հասունանում»

Panorama.am. 2-2-2011- ԱՄՆ առաջատար ֆինանսական և բիզնես շրջանակներին մոտ, ազդեցիկ «Bloomberg» գործակալության վերլուծության մեջ ասվում է, որ Ադրբեջանը նավթի և գազի իր պաշարներով կարևոր երկիր է Արևմուտքի համար: Գործակալության Միջին Ասիայի գծով բրիտանացի վերլուծաբան Աննա Ուոլքերը գրում է.
«Նախագահի լիազորությունների սահմանափակումների վերացումից հետո Իլհամ Ալիևը կարող է երկար տարիներ մնալ իշխանության գլուխ: Իսկ դա կարող է իշխող վերնախավի և բնակչության կենսամակարդակների միջև մեծ ճեղքվածք ունեցող Ադրբեջանում բերել զանգվածային ժողովրդական բողոքների»: Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Վերլուծաբանի կարծիքով, էներգակիրներով հարուստ երկրներից Ադրբեջանի հիմնական տարբերությունն այն է, որ այս երկրում նավթի և գազի պաշարներն ավելի շուտ են նվազելու:
«Ադրբեջանում մեծ է նաև ունևոր վերնախավի և ժողովրդի միջև անջրպետը: Այդ պատճառով, փոփոխությունների համար ճնշումները կարող են ավելի շուտ սկսվել»,- գրում է Ուոլքերը:
«Bloomberg»-ը նշում է, որ Ադրբեջանում պետական հեռուստատեսությունն ու թերթերը շատ քիչ տեղ են հատկացնում Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին, բայց ընդդիմադիր ուղղվածությամբ ԶԼՄ-ները հաճույքով են անդրադառնում 82-ամյա Մուբարաքի` իշխանությունից զրկվելու հեռանկարին: Գործակալությունը հղում է կատարել անգամ «Ենի Մուսավաթ» թերթի` «Բանակն անցել է ժողովրդի կողմը: Մուբարաքը փախչում է» վերնագրով հոդվածին:

No comments: