Wednesday, February 2, 2011

Ստեփանակերտի օդանավակայանը 10-ամյա դադարից հետո իր աշխատանքները կվերսկսի արդեն այս տարվա մայիսից

News.am. 2-2-2011- Ստեփանակերտի օդանավակայանը 10-ամյա դադարից հետո իր աշխատանքները կվերսկսի արդեն այս տարվա մայիսից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ստեփանակետի օդանավակայանի տնօրեն Զոհրաբ Զուրաբյանը։
Նրա խոսքով, 2009 թվականի հունվարից սկսված շինարարական աշխատանքները ներկայումս ամբողջովին ավարտված են, եւ այժմ ընթացքի մեջ են օդանավակայանի տեխնիկական վերազինման աշխատանքները։ «Վերջին շտկումներն են տարվում նաեւ թռիչքուղին կարգի բերելու մասով»,- տեղեկացրեց Զուրաբյանը։
Հարցին, թե քանի՞ մարդու կարող է սպասարկել վերանորոգված օդանավակայանը, նա տեղեկացրեց, որ՝ շուրջ 200։
Զուրաբյանի տեղեկացմամբ, թեպետ վերջնական որոշում դեռեւս չի կայացվել, սակայն, ամենայն հավանականությամբ, առաջին չվերթը կիրականացվի Երեւանի ուղղությամբ։ «Ճիշտ է, ինքնաթիռներ դեռեւս ձեռք չենք բերել, սակայն նախատեսված է, որ ուղեւորներին կսպասարկեն մի քանի տարվա շահագործում անցած, սակայն տեխնիկապես լավ վիճակում գտնվող «Սի Էռ Ջի» տիպի կանադական ինքնաթիռները։ Դրանք Ստեփանակերտից Երեւան կարող են հասնել մոտավորապես 30-40 րոպեում»,- տեղեկացրեց օդանավակայանի տնօրենը՝ միաժամանակ նշելով, որ առայժմ սահմանված չէ նաեւ տոմսի արժեքը։
Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանն աշխատանքները դադարեցրել էր 1990-1991 թվականներին։

No comments: