Monday, February 28, 2011

ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ԲՈՒԺՎԵԼՆ Է

«Lragir.am», 28.02.2011: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 23-ին իր աշխատասենյակում ընդունել է զինվորական ծառայության ընթացքում համածառայողի կողմից աչքի վնասվածք ստացած շարքային զինծառայող Մայիս Աղաբաբյանին, ում ուղեկցել են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի մի քանի բժիշկներ: Նախարարը փորձել է անձամբ տեղեկանալ զինվորի առողջական վիճակի մասին: Սեյրան Օհանյանը նաև առանձնազրույց է ունեցել Մայիս Աղաբաբյանի հետ:

Նախարարը նրան տեսողության հետ կապված հարցեր է տվել: Զինծառայողն ասել է, որ տեսողությունը լավ չէ և խավար է տեսնում: Հանդիպմանը ներկա բժիշկները նախարարի աշխատասենյակում զննել են աչքը և ստացվել է, որ Մայիսը, մեղմ ասած, ճիշտը չի ասում:

Սակայն նախարարը զինծառայողին առաջարկել է առանձին զրուցել, փորձել է հասկանալ նրան` խոստանալով տեղափոխել Հայաստանում տեղակայված զորամասերից մեկը: Առանձնազրույցի ընթացքում Մայիսն ասել է, որ իրոք աչքի հետ կապված խնդիր ունի և նեղվում է, որ իրեն չեն հավատում: Նա նախարարին հավաստիացրել է, որ իննը ամիս արդեն զինվորական ծառայության մեջ է գտնվում և չի խուսափում ծառայությունից, միայն թե բուժեն աչքը:

“Իմ միակ նպատակը բուժվելն է, եթե երկու օրում բուժեն, ես երկու օր հետո կգնամ ծառայության, բայց ինձ ոչ ոք չի հավատում”, մեր զրույցի ընթացքում ասում էր զինվորը, անգամ անհարմար էր զգում, որ “աշխարհով մեկ հիվանդի անուն է հանել”:

Նա շոյված էր նախարարի մարդկային վերաբերմունքից և վերհիշելով հանդիպումը, ասաց, որ շատ էր ամաչում, որ իրեն նախարարի մոտ էին բերել հիվանդանոցային հագուստով: Պաշտպանության նախարարի աշխատասենյակում տեսախցիկներ էլ են եղել, ինչը շփոթեցրել էր 18 ամյա պատանուն:

Մայիսի հետ սա մեր երկրորդ հանդիպումն էր և այս անգամ զուտ արտաքին տպավորությամբ, աչքի վիճակն ավելի բարվոք էր թվում, սակայն բոլորս էլ գիտակցւմ ենք, որ տպավորությունը մի բան է, իսկ տեսողական խնդիրը բոլորովին այլ բան: Հոսպիտալում նա որէ բուժում չի ստանում, իսկ աչքի բարվոք տեսքը զինվորը բացատրեց ներկայիս իր հանգիստ վիճակի, քիչ տեղաշարժվելու հետ:

Մայիսը բողոքում էր ոչ միայն տեսողական խնդրից, այլև գլխացավերից, աչքի ցավից ու խիստ նյարդային վիճակում էր: Աչքի վնասվածք ստանալուց հետո նրա ներքին աշխարհը փոխվել է` նյարդային ու լարված է դարձել: Սա է վկայում այն փաստը, որ դեպքից հետո նա 40 օր անցկացրել է Կանազի հոգեբուժական հոսպիտալում, բնական է. որ նրան հենց այնպես չեն տեղավորել այնտեղ, այն էլ առանց միջամտության:

Գյուղական ծագումով, բնավորությամբ պարզ տղան չի ուզում ապացուցել, որ իր հետ ինչ որ արտառոց բան է տեղի ունեցել բանակում, նա պարզապես ուզում է, որպեսզի ամեն ինչ արվի տեսողությունը վերականգնելու համար: Զինվոական բժիշկների, ինչպես նաև այլոց մոտ տպավորություն է ստեղծվել, որ նա խուսափում է զինվորական ծառայությունից:

Ակնհայտ է, որ աչքին ստացած հարվածից հետո տղայի մոտ առկա է տագնապ ու նյարդային վիճակ և նա լիարժեք բուժման կարիք ունի: Ի դեպ զինվորի աչքի վնասվածքն ըստ դատաբժշկական փորձաքննության “միջին ծանրւթյան է”: Բացի այս ձեռք բերած առողջական խնդիրները Մայիսը բանակ է զորակոչվել ողնաշարի ու երիկամների հետ ունեցած խնդիրներով:

Առաջիկայում Մայիս Աղաբաբյանը անցնելու է նոր փորձաքննւթյուն, սակայն զինվորի շահերը ներկայացնող փաստաբան Սեդա Սաֆարյանն ասում է, որ պետք է միջնորդություն ներկայացնեն անկողմնակալ մասնագետ նեգրավելու և ախտորոշում ստանալու համար, եթե, իհարկե, նման հնարավորություն ընձեռի հոսպիտալը:

Փաստաբանը պատրաստում է ներկայացնել մեկ այլ միջնորդություն ևս`կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին:

“Կասկածի տակ է նրա հոգեկան առողջության վիճակը: Տղային հոգեբուժարան տանելն ու բուժելը դեպքի հետ պատճառահետանքային կապ է ունեցել և պետք է ճշտվի, թե, արդյոք, նրա հոգեկան վիճակում փոփոխություն է տեղի ունեցել”, ասում է փաստաբանը:

Զինվորի մայրը Սեյրան Օհանյանին խնդրում է հնարավորություն տալ անկողմնակալ մասնագետ ներգրավվելու համար:

“Էրեխեն մեծ սիրով է գնացել զինվորական ծառայության, հայրենիքի Հայաստանի համար է գնացել, հիմա թող ամեն ինչ անեն, որ նա լիարժեք բուժում ստանա և ինչպես զորակոչվել էր բանակ, այնպես էլ հետ ստանանք”, ասում էր մայրը:

Դեպքի հետ կապված հարուցվել էր քրեական գործ, նախաննությունն արդեն ավարտված է և գործը գտնվում է դատարանում:

ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

No comments: