Monday, February 28, 2011

«Fortune Oil»-ը պատրաստվում է Հայաստանում մեծ ներդրումներ իրականացնել

«Panorama.am», 28.02.2011: «Մենք ուզում ենք լինել Հայաստանի գլխավոր ներդրողներից մեկը: Նախ` մենք մանրամասն ուսումնասիրել ենք Հայաստանի տնտեսությունը և հենց այդ ուսումնասիրությունն էլ ընկած է Հայաստանում արվելիք մեր ներդրումների հիմքում: Երկրորդ` մենք հավանել ենք Հայաստանը: Ձեր ժողովուրդը լավն է, կառավարությունը` աջակցող և մեր գործընկերներն են շատ լավը»,- այս մասին Հայաստանում հայտարարել է չինական «Fortune Oil» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թի Քիամ Փունը:

Ընկերության տնօրենը նշել նաև, որ իրենց մեծապես աջակցում են նաև այն մարդիկ, ովքեր գազ, էլեկտրականություն և ջուր են մատակարարում Հրազդանում և Աբովյանում գտնվող իրենց հանքերին:
«Երկաթուղային ընկերությունը մեզ խոստացել է երկաթգիծ անցկացնել մինչև մեր հանքահորը: Իրենք կառուցելու են, մենք վճարելու ենք»,- անդրադառնալով Հայաստանում երկաթի արդյունահանման բնագավառում իրականացվելիք խոշորածավալ ներդրումներին ավելացրել է «Fortune Oil» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:
Մանրամասնելով ներդրումային ծրագիրը՝ չինական ընկերության տնօրենը նշել է. «Մենք հանքահորից հանելու ենք երկաթի հանքաքարը, վերամշակելու ենք գործարանում: Երկաթահանքերը շահագործվելու են փուլերով: Նախ` կտարվեն հանքարդյունահանման նախապատրաստման աշխատանքներ, այնուհետ` հանքարդյունահանման, այսինքն հանքանյութից երկաթի խտանյութ կստանանք: Մենք դեռ ապահովում ենք մեզ անհրաժեշտ միջոցները: Հրազդանում մեր ներդրումները հասնում են մինչև 110 մլն դոլարի: Աբովյանում մեր ներդրումների ծավալը կազմում է մինչև 400 մլն դոլար: Այսինքն, ընդհանուր ստացվում է շուրջ 500 մլն դոլար: Այս ներդրումներն արվելու են 5-6 տարիների ընթացքում:
Հրազդանում 2-3 տարվա ընթացքում արդեն կունենանք 2 մլն տոննա երկաթի խտանյութի արտադրություն, իսկ Աբովյանում` 5-6 տարվա ընթացքում արտադրության ծավալները կհասնեն մոտ 8 մլն տոննայի: Նախ մենք պետք է հորատենք հանքը, որից հետո կուսումնասիրենք խտանյութի բնույթը, և հավանաբար 2012-թվականին, Հրազդանում գործարան կկառուցենք»:

Նա ընդգծել է, որ իրականացվելիք աշխատանքները վտանգավոր չեն մարդկանց առողջության համար և իրենք միջազգային լիցենզիա ունեն:
«Այս ծրագիրը կնպաստի ավելի շատ աշխատատեղեր ստեղծելուն: Հրազդանում և Աբովյանում մենք կապահովենք առնվազն 500-ից մինչև 3000 աշխատատեղ: Բայց մենք ոչ միայն աշխատատեղեր կստեղծենք, այլև կնպաստենք տնտեսության, ենթակառուցվածքների զարգացմանը: Դուստր ընկերության դեպքում կստեղծվեն ևս 1000 աշխատատեղեր»,- ասել է Թի Քիամ Փունը:

No comments: